Նոր համակարգչային վիրուսն ավելի քան 500 000 սարքավորում է խոցել աշխարհի 54 երկրում
Նոր համակարգչային վիրուսը շուրջ 500 000 համակարգիչ է վնասել աշխարհի ավելի քան 50 երկրում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Cisco Systems ամերիկյան հեռահաղորդակցական ընկերությունը:
Վնասակար ծրագրային ապահովումը, որն ստացել է VPNFilter պայմանական անվանումը, խոցում է ցանցային սարքավորումները, մասնավորապես՝ երթուղիչներն ու կրիչները: Վիրուսի միջոցով չարագործները կարող են ոչ միայն գողանալ կայքերի մասին տվյալները, այլև շարքից հանել թվային սարքերը:
Ամերիկյան ընկերության փորձագետները նշում են, որ VPNFilter-ը տարածվում է 54 երկրում, առավել ակտիվորեն՝ Ուկրաինայում:
Ավելի վաղ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել էր Կիևում անցկացվելիք Չեմպիոնների լիգայի եզրափակչի նախօրեին պետական հաստատությունների կայքերի հնարավոր կոտրման մասին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի համացանցում մի շարք վիրուսային ծրագրեր էին տարածվել, որոնք գումար էին կորզում օգտատերերից, ինչպես նաև համակարգչում պահվող տեղեկութուններն էին գողանում: Ամենազանգվածային վնասը հասցրել էին WannaCry և NotPetya վիրուսները: Դրանց հասցրած վնասը ողջ աշխարհում գերազանցել է 5 մլրդ դոլարը: