«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրին մասնակցելու համար ՀՀ կառավարությունը լուրջ անելիքներ ունի․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Միացյալ Նահանգները հայտնեց, որ պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանափոխությունից հետո նոր կառավարությունը հայտարարեց, որ պատրաստվում է պայքարել կոռուպցիայի և տնտեսության մեջ եղած արատավոր երևույթների դեմ: Նա այս տեսակետը հայտնեց՝ խոսելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մասին, ըստ որի՝ պատրաստ է աջակցել Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկվելու համար:
«Հիմա, երբ Հայաստանում նոր կառավարությունը հայտարարում է, որ պատրաստվում է պայքարել կոռուպցիայի և տնտեսության մեջ եղած արատավոր երևույթների դեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է, որ ինքը ևս պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել ոչ միայն «Հազարամյակների մարտահրավերների» շրջանակներում, այլ նաև այլ ծրագրերի շրջանակներում»,- նկատեց Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Մայք Պոմպեոն պատասխանել էր՝ Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկելու և 140 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջարկին:
Այս շաբաթ, նամակ հղելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանին, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը վերջերս ստանձնած Մայք Պոմպեոն ասել է, որ բարձր է գնահատում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի կրթական համակարգին աջակցելու գաղափարը։ Հայտնելով Հայաստանին օգնելու իր պատրաստակամությունը՝ ԱՄՆ պետքարտուղարը նաև նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հարցերն արագացված կարգով քննարկելու պաշտոնական ընթացակարգ չունի:
Սուրեն Սարգսյանը հիշատակեց, որ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրին մասնակցելու համար Հայաստանը բազմիցս դիմել է ԱՄՆ իշխանություններին, ծրագրին Հայաստանի մասնակցությունը դադարեցվել էր 2008 թվականից: «Դա պայմանավորված էր մի քանի հանգամանքով: Մասնավորապես՝ Միացյալ Նահանգները Հայաստանում տեսնում էր քաղաքական ազատությունների հետ կապված խնդիրներ, բացի այդ, կոռուպցիայի ցուցանիշն էլ բավականին բարձր էր: Դրա պատճառով էլ Հայաստանը չէր կարողանում մասնակցել ծրագրին»,- ասաց նա:
Միջազգայնագետը նկատեց՝ ծրագիրը, որի համար Հայ դատի հանձնախումբը դիմել էր Միացյալ Նահանգներին, չափազանց կարևոր է Հայաստանի համար, այն լուրջ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման համար:
«Ծրագիրը, որի համար Հայ դատի հանձնախումբը դիմել է, նորագույն տեխնոլոգիաների զարգացման համար նախատեսվող ծրագիր է և չափազանց կարևոր կարող է լինել Հայաստանի համար: Այդ ծրագիրն իրականացվում է նաև Վրաստանում՝ տրամադրելով 140 միլիոն դոլարի աջակցություն: Այդ իսկ պատճառով մեր լոբբիստներն այդչափ գումար են խնդրել, որ տրամադրվի նաև Հայաստանին»,- ասաց նա:
Սուրեն Սարգսյանի նկատառմամբ՝ ծրագրում ընդգրկվելու համար Հայաստանի կառավարությունը լուրջ անելիք ունի: «Մասնավորապես՝ Արտգործանարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը շատ անելիքներ ունեն, որովհետև սա լուրջ ծրագիր է և միտված է լինելու կրթության որակի բարձրացմանը: Այն կարող է լուրջ շարժիչ համարվել Հայաստանում կրթության զարգացմանը զարկ տալու համար»,- ասաց նա:
Ըստ Սուրեն Սարգսյանի՝ դժվար թե ամերիկյան կողմը նախապայմաններ դնի Հայաստանի առջև «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրում ընդգրկելու դիմաց: «Բացի այն նախապայմաններից, որոնք կան դրամաշնորհի մրցույթին մասնակցելու համար, այլ նախապայման, չեմ կարծում, որ լինի: Քաղաքական նախապայմաններ դնելու համար այս ծրագրի համար որևէ հիմք չեմ տեսնում: Եթե Հայաստանը բավարարի բոլոր այն պայմաններին, որոնք անհրաժեշտ են Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու համար, ապա Միացյալ Նահանգները կտրամադրի ֆինանսական միջոցներ, և Հայաստանն էլ կունենա հնարավորություն՝ աճ արձանագրելու կրթության և գիտության ոլորտում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի մասնակցությունն այս ծրագրին դադարեցվեց 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո: