Քնեսեթում հավանության են արժանացրել Ցեղասպանության ճանաչման բանաձևը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկը
Քնեսեթի պատգամավորները 16 կողմ, 10 դեմ ձայնով հավանության են արժանացրել «Մերեց» կուսակցության ղեկավար Տամար Զանդբերգի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու մասին բանաձևը Քնեսեթում քննարկելու առաջարկը:
Ինչպես տեղեկացնում է Вести Израиль իսրայելական ռուսալեզու պարբերականը, բացելով մայիսի 23-ի խորհրդարանական նիստը՝ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը՝ անկախ Թուրքիայի հետ կապված իրավիճակից: «Մենք պարտավոր ենք կատարել մեր պարտքը որպես հրեաներ և որպես պարզապես մարդիկ: Պարտքը, որի կատարման կոչով արդեն քանի տարի է հանդես եմ գալիս», - ասել է խոսնակը:
«Ամաչում եմ լսել, թե ինչպես են ժողովրդի ընտրյալները և հասարակական գործիչները Ցեղասպանության ճանաչումն անվանում «պատասխան թուրքերին»: Մի՞թե պատմությունը փոխվում է Էրդողանի հետ մեր հարաբերություններից»,- հավելել է Էդելշտեյնը:
Տամար Զանդբերգը, որն առաջարկել է Քնեսեթի օրակարգում ներկայացնել Ցեղասպանության ճանաչման բանաձևը, ասել է. «Ճանաչելուց հրաժարվելը ստվեր է նետում Իսրայելի բարոյական կերպարի վրա, հատկապես այն ֆոնին, որ այդ մերժումը թելադրված է քաղաքական նկատառումներով»:
Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին բարձրացվեց, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելին մեղադրեց Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ՝ դատապարտելով պաղեստինցի ցուցարարների սպանությունը:
Պաղեստինցիները բողոքի զանգվածային ակցիա էին կազմակերպել մայիսի 14-ին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման առթիվ: Այդ օրը իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով ավելի քան 60 պաղեստինցի էր մահացել: