ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի առաջ, պատասխանել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցին:
Կոնգրեսական Դևիդ Սիսիլինը, հարց ուղղելով Պոմպեոյին, ասել է. «Որպես պետքարտուղար՝ կանե՞ք այն, ինչ չեն արել նախկին պետքարտուղարները, կճանաչե՞ք արդյոք Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը»:
«Ես չգիտեմ պատասխանը և չեմ կարող պատասխանել, սակայն կվերանայեմ այդ հարցը», - պատասխանել է Պոմպեոն:
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Ցեղասպանության հարցին անդրադարձել է նաև կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ կոչ անելով պետքարտուղարին արգելափակել F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, որն այն ահաբեկիչների դեմ չի կիրառում: