Տիգրան Բարսեղյան. Հույս ունեմ, որ կկարողանանք օգնել Մինասյանին, իսկ նա մեզ
Այսօր` մայիսի 23-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզում է անցկացրել Հայաստանի հավաքականը` պատրաստվելով առաջիկա ընկերական հանդիպումներին:
Բաց մարզումից հետո լրագրողների հետ խոսել է հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը.
«Մարզավիճակս բավարար է: Վերջին երեք խաղում գոլի հեղինակ եմ դարձել:
Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել նաև ազգային թիմին իմ գոլերով, գոլային փոխանցումներով ու լավ խաղով:
Նորեկներին շատ չեմ ճանաչում: Նրանց թիմերի խաղերը չեմ դիտել, միայն տեսագրություններով: Առաջին մարզումից տպավորություններ կան, սակայն դեռ վաղ է ինչ-որ հստակ բան ասել, չեմ կարող 100 տոկոսով ասել` կօգնեն մեր հավաքականին, թե ոչ:
Իմ համար սա առաջին մարզումն էր Վարդան Մինասյանի գլխավորությամբ, քանի որ չեմ խաղացել այն ժամանակ, երբ նա մարզում էր ազգային ընտրանին: Մարզումը շատ հետաքրքիր անցավ ու բարձր տրամադրությամբ, ամեն ինչ պրոֆեսիոնալ կերպով էր արվում: Հուսանք, որ ամեն խաղ ու մարզում ավելի լավ կլինի. մենք կկարողանանք օգնել նրան, իսկ նա` մեզ:
Առաջիկա մրցակիցները մեզանից ուժեղ չեն: Արդեն ապացուցել ենք, որ բոլոր թիմերի հետ կարող ենք պայքարել ու հաղթել: Կարող եմ ասել, որ մրցակիցներն էլ հավասարազոր են ու ոչնչով ուժեղ չեն մեզանից»,- ասել է Բարսեղյանը: