Գևորգ Ղազարյան. Հավաքականի համար նոր փուլ է սկսվում
Պորտուգալական «Մարիտիմուի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է ազգային ընտրանու առաջիկա ստուգողական հանդիպումներին:
Բաց մարզումից հետո Ղազարյանը զրուցել է լրագրողների հետ.
- Ի՞նչ տրամադրությամբ եք պատրաստվում առաջիկա 2 հանդիպումներին:
- Շատ բարձր տրամադրությամբ: Շատ կարևոր հանդիպումներ են, քանի որ մեր հավաքականի համար նոր փուլ է սկսվում. մեզ համար՝ որպես ֆուտբոլիստ, ձեզ համար՝ որպես լրագրող և երկրպագուների համար՝ որպես երկրպագու: Սա շատ մեծ շանս է մեզ համար, մենք պատրաստ ենք այս կարևոր փուլին:
- «Մարիտիմուի» կազմում գրեթե միշտ խաղաժամանակ եք ստանում. ինչպե՞ս ես գնահատում մարզավիճակը:
- Մարզավիճակս բավարար է: Կարծում եմ՝ կկարողանամ հավաքականին օգուտ տալ:
- Հավաքականում նորեկներ ունենք. շփվե՞լ եք իրենց հետ, ի՞նչ կարծիք ունեք:
- Անձամբ բոլորի հետ շփվել եմ, շատ անմիջական տղաներ են: Մի քիչ պորտուգալերեն հասկանում եմ, Արարատի հետ մի քանի բառ փոխանակեցի: Պատրաստական ենք իրենց օգնել, հարմարավետ զգան և օգնեն հավաքականին:
- Նորից մարզվեցիք Վարդան Մինասյանի գլխավորությամբ: Շա՞տ բան է փոխվել:
- Ֆուտբոլիստները և մարզիչները տարիների ընթացքում շատ բան են սովորում, այդ առումով որոշակի փոփոխություններ կլինեն. դեպի դրականը, շատ նորություններով և կոնկրետ նպատակներով: