Իսրայելում ԱՄՆ դեսպանը զայրացրել է պաղեստինցիներին՝ լուսանկարվելով «սադրիչ բովանդակությամբ» նկարի մոտ (լուսանկար)
Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը ստիպված է եղել արդարանալ Երուսաղեմի Տաճարի լեռան՝ մահմեդականների կողմից ամենահարգված մզկիթներից մեկի փոխարեն տեղադրված, գոյություն չունեցող հուդայական տաճարի պատկերի մոտ լուսանկարվելու համար:
Ինչպես նշում է «РИА Новости»-ն, պաղեստինցիները մեղադրել են Ֆրիդմանին սրբավայրի ստատուս քվոյի խախտման փորձի համար: Ի պատասխան ԱՄՆ-ն պարզաբանել է, որ Ֆրիդմանը չի իմացել ֆոտոկոլաժի սադրիչ բովանդակության մասին, որի մոտ նրան լուսանկարել են լայն ժպիտը դեմքին:
«Դեսպան Ֆրիդմանը տեղյակ չի եղել պատկերի բովանդակության մասին: Նա խորապես հիասթափված է, որ ինչ-որ մեկը որոշել է օգտագործել նրա այցը Բնեյ-Բրակ՝ հակասական իրավիճակ ստեղծելու համար», - ասվում է դեսպանատան մամուլի հաղորդագրությունում:
Քննարկվող կադրում Ֆրիդմանին լուսանկարել են Բնեյ-Բրակ քաղաք կատարած այցի ժամանակ: Սա երկրի ծայրահեղ ուղղափառ հրեաների ոչ պաշտոնական մայրաքաղաքն է: Դեսպանի մոտ երևում է լուսանկար, որում պատկերված է Երուսաղեմի պատմական կենտրոնը՝ թռչնի թռիչքի բարձրությունից:
Նշվում է, որ լուսանկարը համապատասխանում է իրականությանը՝ բացառությամբ մի դետալի. Տաճարի լեռան վրա Կուբաթ աս Սահրա մզկիթը մոնտաժի միջոցով փոխարինվել է հուդայական տաճարով, որի վերակերտման մասին երազում են Իսրայելի ծայրահեղ աջ շրջաններում:
«ԱՄՆ քաղաքականությունը բացարձակապես պարզ է. մենք կողմ ենք Հարամ Աշ-Շարիֆի/Տաճարի լեռան վրա ստատուս քվոյին»,- գրել է ԱՄՆ դեսպանատունը՝ քաղաքական ճշգրտության համար օգտագործելով մահմեդականների ու հրեաների կողմից օգտագործվող տեղանունները:
Ինչ վերաբերում է սրբավայրին, ապա ստատուս քվոն նշանակում է, որ այն գտնվում է իսլամական գույքի հիմնադրամի՝ «Վակֆայի» ինքնավար կառավարման ներքո, և այնտեղ աղոթելու իրավունք ունեն միայն մահմեդականները, իսկ այլ դավանանքների ներկայացուցիչներին թույլատրվում է ազատ այցելել լեռը, որտեղ հնում քանդված հուդայական տաճարների ավերակների վրա գտնվում են Ալ-Աքսա և Կուբաթ Աս-Սահրա մզկիթները: