Մոտեցումներ կան, որ եթե ՀՔԾ կամ ԱԱԾ քննած գործ է, պիտի դատվես, իրավիճակ է փոխվել, փոխե՛ք այդ պրակտիկան. Էդմոն Մարուքյան
Մարդկանց կաշառքի գործով կալանավորել են, ուղարկել են քրեակատարողական հիմնարկ: Ով ում վրա ցուցմունք տվեց, տանում են: Դա բնավ արդարության վերականգնմանը չի օգնում: Այս մասին ԱԺ-ում 2017թ.-ի տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ասում են, այ ախպեր ջան, ես կապ չունեմ, բայց ցուցմունք է տվել, ուրիշ ապացույց չկա, ես քրեակատարողական հիմնարկում եմ»,- նշեց էդմոն Մարուքյանը:
Պատգամավորը նշեց, որ մոտեցումներ կան, թե «ՀՔԾ կամ ԱԱԾ քննած գործ է, պիտի դատվես»: «Իրավիճակ է փոխվել, փոխե՛ք էդ պրակտիկան: Մի մոտեցում էլ կա, եթե մեղքը չի ընդունում, խափանման միջոցի տակ պահելը անարդար է, ո՞նց է լինում, ով համագործակցում է՝ թողնում եք դուրս»,- նշեց պատգամավորը:
Խոսելով «Զիբիլիքսի» գործի մասին՝ Մարուքյանն ասաց, որ կարճվել է, որովհետև այդպես են ցանկացել: «Չպարզաբանված հարցեր կան, պարզ չէ՝ ինչ ծառայողների տվյալներ են ուղարկվել տարոն Մարգարյանի շտաբ, ում կողմից, եթե նորմալ հսկողություն իրականացնեիք, կունենայինք կալանավորված անձինք, բայց երկրում արդարադատությունը իրականացվել է ընտրողաբար»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ծառահատումներին, նա ասաց, որ երկրում անտառ չի մնացել, իրավիճակը խայտառակ է. «Մի գյուղացի եք բռնում, ասում եք՝ արի հլը, հինգ հատ ծառ ես կտրել, բայց մարդիկ խոսում են՝ էս պաշտոնյաների փուռն է դուրս գալիս ձորից, սա սրանն է: Առանց պետհամարանիշի մեքենաներ են անտառը կտրում: Ո՞վ է զբաղվում սրանով: Թույլատրելի սահմաններ կան, բայց վայրագություն է արվում, սահմաններն անցել են»: