Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկված քաղաքացիները դատական հայց են ներկայացրել՝ $100 մլն-ի փոխհատուցում պահանջելով
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ 2017-ի մայիսի 16-ին ծեծի ենթարկված 20 քաղաքացի դատական հայցեր են ներկայացրել՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության և հինգ անձանց:
Ինչպես հաղորդում է Washington Post-ը, հայցում, որը շրջանային դատարանում լրացվել է մայիսի 10-ին, բոլոր տուժած քաղաքացիները փոխհատուցում են պահանջում իրենց հասցված վնասի համար: Նրանք մարմնական վնասվածքներ էին ստացել, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները խառնվել էին խաղաղ ցույց իրականացնողների շարքերին ու ծեծի ենթարկել նրանց:
Եվս հինգ տուժող հայց է ներկայացրել մայիսի 3-ին՝ իրենց հասցված վնասի դիմաց ավելի քան 100 մլն դոլարի փոխհատուցում պահանջելով Թուրքիայից:
Հիշեցնենք, որ Էրդողանի թիկնազորի անդամները դաժան ծեծի էին ենթարկել Վաշինգտոնում թուրքական դեսպանատան մոտ խաղաղ ցույց իրականացնող հայ, ամերիկացի և քուրդ քաղաքացիներին: Նրանցից ոմանք ցնցումներ, ատամի կոտրվածք և նյարդաբանական վնասվածքներ են ստացել, ինչպես նաև հետտրավմատիկ սթրեսի են ենթարկվել: