Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին «Ելքը» դեմ կքվեարկի, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն` կողմ, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը` ըստ յուրաքանչյուրի խղճի
Խորհրդարանի հատուկ նիստին, երբ քննարկվում է վարչապետի թեկնածության հարցը խմբակցությունների անունից հնչեցին ելույթներ:
ՀՅԴ անունից խոսեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ խորհրդարանական համակարգը հնարավորություն է ընձեռնում սկսած բարեփոխումները կյանքի կոչել: Նա ներկայացրեց դրական զարգացումները՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը, արցախյան հիմնախնդրի լուծման ուղղված արժանապատիվ բանակցություններ և այլն:
«Պարո՛ն Սարգսյան, պարտավոր ենք չթերագնահատել և չտեսնել նաև առաջընթացի ճանապարհի թերությունները: Մենք, իհարկե, առաջնորդվում ենք միասնական պատասխանատվության գիտակցումով, օրվա խնդիրը չեզոքացնել բոլոր մտահոգությունները, որոնք բխում են հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերից»,-ասաց նա և թվարկեց՝ հովանավորչություն, խնամի- ծանոթ-բարեկամ կադրային քաղաքականության վերջը պետք է տրվի, հին բարքերը պետք է փոխվեն:
«Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով նշեց, որ ՀՀԿ-ականների ելույթից հետո հասկանում է, որ «Հայլուրի» Հայաստանում ենք հայտնվել»: «Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ»,-ասաց նա:
Նա անդրադարձավ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ելույթին. «Աշոտյանն ասում է` սիրեք զմիմյանս, ձեզ ո՞նց կարելի է սիրել, դուք սիրելու բա՞ն եք որ սիրենք, ձեր ղեկավարած երկիրը տեսե՞լ եք»,-հարցրեց նա՝ դիմելով Աշոտյանին:
Մարուքյանը նշեց, որ իրենք ատելության քարոզ չեն անում: «Ձեր համակարգը «ֆեյք» է, որը չի կարող զարգացման ճանապարհ լինել, լուծումներ են պետք, անշրջելի փոփոխություններ են պետք, ու եթե մնաց քննարկումների մակարդակում, ոչինչ չի փոխվի»,-ասաց նա:
Մարուքյանը նշեց` սթափության կոչ են անում: «Երկիրը հիմա հանդարտ վիճակում չէ, և դա բոլորի խնդիրն է, մենք պետք է բոլորով գտնենք հանգուցալուծում, չի կարելի այս շենում կազմակերպել հաջորդ լսումները զոհերի, վիրավորների մասին, չպետք է ունենանք այդպիսի վիճակ, իսկ թիվ մեկ պատասխանատուն՝ դուք եք իշխանություններդ՝ Սերժ Ազատի Սարգսյանի գլխավորությամբ, որին մենք դեմ ենք քվեարկելու»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Միքայել Մելքումյանը, ով նշեց, որ դեմ են իշխանության տարվող այն քաղաքականությանը, որ ամեն ինչ ճիշտ է: Նա խորհուրդ տվեց գտնել «աշխատելու բանաձևը», քանի որ եղածը չի աշխատում:
«Լավ, ձայնը ժողովուրդը տվել է քաղաքական մեծամասնությունը, ձեզանից պետք է պահանջի, եթե ժողովուրդը պահանջում է, ժողովրդի հետ էլ պետք է աշխատել, որ սենց դեպքեր չլինեն: Հետո էլ ասում եք` ոչ ոք չէր սպասում, բա պետք է սպասեիք, կանխատեսեիք այս դեպքերը, որ ժողովրդի հետ ընթացիկ աշխատեիք, այո՛, ունենք խնդիրներ, կենդանի ժողովրդի հետ պետք է աշխատել: Ասեմ, որ ժողովուրդը պահանջում է աշխատանք և արդարություն, ձևը, գործիքը գտեք»,-ասաց նա:
Միքայել Մելքումյանը ներկայացրեց խմբակցության քվեարկության որոշումը. «Մենք խմբակցությունում որոշել ենք` կթողնենք յուրաքանչյուրի խղճին և գաղափարին, այսինքն՝ քվեարկելու ենք ազատ ռեժիմով»,-ասաց նա:
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անունից խոսեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նշեց` քննադատելը հեշտ է, դրականը նկատելու համար անհրաժեշտ է կամք: «Իսկ ընդդիմադիրների դաշտում մրցավազք է սկսել ամենաընդդիմադիրի պաշտոնը զբաղեցնելու համար»,-ասաց նա և հավելեց, որ քաղաքական դաշտի կայացման համար պետք է կառուցողական ընդդիմություն, թերություններն ու առավելությունները տեսնելու ընդդիմություն:
Վերջինս նկատեց, որ զարգացած երկրների օրինակներն են հաճախ բերում, բայց հարցրեց՝ արդյոք պատկերացնո՞ւմ են, որ եթե ցուցարարներն այդ երկրներում մտնեին դատարանների տարածքներ, ինչ կլիներ: «Իսկ այսօր մեր ոստիկանության կատարած աշխատանքը համբերատար է»,-նշեց նա ու հավելեց, որ այնպես չէ, որ եթե ոստիկաններին վիրավորում են, նրանք պետք է լուռ կանգնեն և լսեն:
Բաղդասարյանը խոսքը եզրափակեց` դիմելով Սերժ Սարգսյանին. «ՀՀԿ-ն վստահում է Ձեզ, Ձեր որդեգրած արտաքին ու ներքին քաղաքականությանը: ՀՀԿ-ն միասնական սատարում է ՀՀ վարչապետի թեկնածու, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, Ձեզ և մեր ժողովրդին հաջողություն ենք ցանկանում, Աստված պահապան»,-ասաց նա: