Հաջողակ են ու հաջողում են այն կառավարությունները, որոնք կենտրոնանում են երկարաժամկետ զարգացման վրա. Ա. Հովհաննիսյան
Խորհրդարանական համակարգում քաղաքական կյանքի գլխավոր դերակատարներ դառնում են քաղաքական կուսակցությունները, և պատահական չէ, որ խորհրդարանական կառավարման hամակարգերում, որպես ընդհանուր կանոն, քաղաքական կուսակցությունների ղեկավարներն են զբաղեցնում վարչապետի պաշտոնը: Այսօր` ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության քննարկմանը, նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ խորհրդարանական համակարգին բնորոշ է նաև այն, որ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստացած քաղաքական ուժը պատասխանատվություն է ստանձնում և ընտրում միջոցները, թե ինչպես ինքը պետք է իրականացնի իր ընտրական, քաղաքական ծրագիրը և ընտրում այն անձին, որը պետք իրականացնի այդ ծրագրերը:
«Հետևաբար, այս ամենը խորհրդարանական համակարգ տրամաբանության շրջանակում է: Առհասարակ վարչապետի թեկնածուի հարցը քննարկելիս պետք է անդրադարձ կատարել այն հարցին, թե ինչպիսի պատասխանատվություն և բեռ է վերցնում իր վրա կառավարությունը, և արդյոք կառավարությունը և, մասնավորապես, վարչապետի թեկնածուն ունա՞կ է իրականացնել պատասխանատվությունը, որ դրվում է այդ Կառավարության և վարչապետի վրա»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահը կարծում է, որ կառավարության հաջողության համար չափազանց կարևոր նշանակություն ունի այն, որ կառավարությունն ունենա այնպիսի ղեկավար, որը տիրապետում է երկրի անցած ճանապարհին, մասնակցել է երկրի կերտման պատմությանն ու ունի ինստիտուցիոնալ հիշողություն:
«Հաջողակ են ու հաջողում են այն կառավարությունները, որոնք կենտրոնանում են երկարաժամկետ զարգացման վրա և ոչ թե շեշտը դնում են ժամանակավոր լուծումների վրա, որոնք երկարատև շրջանում որևէ արդյունք չեն ապահովում, թեև այդ պահին ականջահաճո են»,- եզրափակեց Արփինե Հովհանիսյանը: