«Ինչ որ առումով ընդդիմության ցույցերը հիշեցնում են Կիևում տեղի ունեցած իրադարձությունները». միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանի բողոքի ցույցերին
Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են վարչապետի պաշտոնին Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեմ Երևանում անցկացվող զանգվածային բողոքի ցույցերին:
Deutsche Welle-ն բողոքի ակցիաների մասին իր հոդվածում նշում է, որ երկուշաբթի՝ ապրիլի 16-ի առավոտվանից Երևանի գրեթե ամբողջ կենտրոնն արգելափակվել է հազարավոր ցուցարարների կողմից, կաթվածահար է եղել տրանսպորտի երթևեկությունը, դադարեցվել են դպրոցներում և բուհերում դասերը: Ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ բողոքի ցույցերի և քաղաքացիական անհնազանդության կոչին արձագանքել են տասնյակ հազարավոր մարդիկ, գրել է կայքը:
Ինչպես լրատվամիջոցին ասել է Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ սեփական իշխանությունը վերարտադրելու համար:
«Նա անսահմանափակ լիազորություններ կունենա, ինչը նշանակում է, որ հնարավոր չէ սպասել դրական փոփոխությունների՝ ինչպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունում, այնպես էլ տնտեսությունում, կյանքի այլ ոլորտներում»,- ասել է նա:
New York Times-ը, վկայակոչելով Associated Press-ին, հայտնել է, որ երկուշաբթի ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ է օգտագործել ընդդիմադիր ցուցարարների դեմ՝ վիրավորելով մի շարք մարդկանց:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ երկուշաբթի մոտ 10.000 մարդ է սկսել քայլել խորհրդարանի շենքի ուղղությամբ, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների է դիմել:
Associated Press-ի լրագրողը նշել է, որ ականատես է եղել մի քանի վիրավորների, որոնց մի մասը տեղափոխվել են շտապօգնության մեքենաներով:
The Guardian-ը երկուշաբթի օրվա լավագույն լուսանկարների շարքում է ընդգրկել Հայաստանում տեղի ունեցած ցույցի լուսանկարը՝ ուղեկցելով հետևյալ գրությամբ. «Ընդդիմության աջակիցների ցույցը Հայաստանի մայրաքաղաքում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, որն առաջադրվում է որպես վարչապետ՝ իշխանությունն իր ձեռքում պահելու համար»:
Ռուսական մի քանի լրատվամիջոցներ՝ «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ը, «Վզգլյադ»-ն անդրադարձել են ցույցերին՝ նշելով, որ «Հայաստանում մայդան է սկսվել»:
«Ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանը թշնամական դիրքորոշում կընդունի Ռուսաստանի նկատմամբ: Առնվազն այդպես են քաղաքագետները գնահատում Երևանում տեղի ունեցող իրադարձությունները: Ինչ որ առումով ընդդիմության բողոքները հիշեցնում են Կիևում և նույն Հայաստանում երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները»,- գրել է «Վզգլյադ»-ը:
«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը նույնպես անդրադարձել է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին՝ կոչ անելով իշխանություններին չխոչընդոտել խաղաղ հավաքները:
«Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեն խաղաղ հավաքների մարդկանց իրավունքը: Ոստիկանության պատասխանը պետք է լինի համաչափ և համապատասխանի ՄԱԿ-ի չափանիշներին: Երբեք ուշ չէ Հայաստանի ոստիկանության համար փոխել անհամաչափ ուժի կիրառման իրենց վատ պատմությունը»,- ասված է հոդվածում: