Շատ հանգիստ կարողացել եմ գալ ԱԺ. Է. Շարմազանով
Ազգային ժողովում կայանալիք ԱԺ հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքն այսօր շատ հանգիստ կարողացել է գալ Ազգային ժողով:
«Շատ նորմալ եմ հասել, մի քիչ շուտ եմ դուրս եկել»,-ասաց Է. Շարմազանովը՝ հաստատելով, որ հատուկ չի շուտ եկել, քանի որ սովորաբար շուտ է գալիս:
Հարցին, թե ինչպես է գնահատում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի մասնակիցների պահանջը, Շարմազանովը պատասխանեց, որ իր ելույթում կանդրադառնա դրանց:
Դիտարկմանը, թե ոստիկանները պատրաստվում են ցրել ցուցարարներին՝ Շարմազանովը պատասխանեց, որ իրավապահների գործողությունները չի մեկնաբանում:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում հավաքներ և ցույցեր են ընթանում՝ «Իմ քայլը» շարժման նախաձեռնությամբ և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ապրիլի 16-ին ցուցարարները շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ տեղի էր ունեցել բախում ոստիկանների հետ։ Տուժել էր 40 քաղաքացի և 6 ոստիկան։ Հավաքը և երթը շարունակվում է նաև այսօր։