Լարված իրավիճակ` Հալաբյան–Արզումանյան խաչմերուկում. ցուցարարները փորձում են փակել ճանապարհը (թարմացվում է, լուսանկարներ)
10.41
Ցուցարարներին հաջողվեց փակել Հալաբյան փողոցից դեպի Մարգարյան հիվանդանոց տանող ճանապարհը: Նրանք ձեռքերը վեր բարձրացրած մուտք գործեցին փողոց և այժմ նստացույց են անում: Ոստիկանությունը փորձում է փողոցից դուրս բերել ակցիա մասնակիցներին:
10.35
Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի մոտ կուտակված ոստիկանական ուժերն այս պահին պատնեշված են երկշար փշալարերով, որոնցից մեկին էլեկտրական հոսանքի լարեր են միացված։
Tert-ի թղթակիցը արձանագրել է, որ տեղում է նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը:
Նշենք, որ պատգամավորներն աստիճանաբար մուտք են գործում Ազգային ժողով՝ հիմնականում Դեմիրճյան փողոցի վրա գտնվող մուտքից:
10.10
Հալաբյան–Արզումանյան խաչմերուկում լարված իրավիճակ է. բախումներ են ոստիկանների և ցուցարարների միջև: Վերջիններս փորձում են փողոցը փակել, բայց ոստիկանական պատը թույլ չի տալիս:
Այստեղ է նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը:
9.41
«Ոստիկանները փակել են Աշտարակ-Երևան միջպետական ճանապարհը, բայց դա չի խանգարում քաղաքացիներին միանալ մեզ, նրանք ոտքով են գալիս Երևան»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ նրա գլխավորությամբ Երևան քաղաքում ընթացող երթն այժմ հասել է Պուշկին – Աբովյան փողոցների խաչմերուկ: Երթի մասնակիցների թիվը գնալով մեծանում է:
09.35
Մեր երթը ընթանում է անկանխատեսելի երթուղիներով: Չենք ասում, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, ուղղակի քայլում ենք Երևան քաղաքով: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Ոչ մեկ հրապարակում չի մնում, գնում ենք տարբեր տեղեր, բայց ոչ փոքր խմբերով, որպեսզի ժողովրդին բերման չենթարկեն: Հիմա մեր հաշվարկով 30 հոգու բերման են ենթարկել: Մեր զորակցությունը բերման ենթարկված ընկերներին պետք է լինի տասնյակ հազարանոց քաղաքացիների մասնակցությամբ երթը և ցույցը»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հրապարակում կանգնած բոլոր ցուցարարներին կոչ արեց միանալ երթին:
Այժմ ցուցարարները Մաշտոցի պողոտայով երթով շարժվում են: Նրանք փակեցին Մաշտոցի պողոտա – Պուշկինի փողոց խաչմերուկը:
08.43
Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, բերման ենթարկեն, կրկնապատկեք, կեռապատկեք ձեր ջանքեը: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կոչ անելով ցուցարարաներին չդադարեցնել փողոցները փակելու գործողությունները:
Նա ցուցարարների հետ նստեց Աբովյան փողոցում, որտեղից բերման են բերել ուսանողներին: Ցուցարարաները թույլ չէին տալիս ավտոբուսներին, երթուղային տաքսիներին անցնել և կոչ էին անում ուղևորներին միանալ իրենց:
08.29
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց բոլոր բարձրախոսները կոտրվել են, անհետացել են և նշեց, թե ով կարող է ձեռք բերել նման բարձրախոս, թող արագ փոխանցի իրենց, պատրաստ են նաև գնել: Նա կոչ արեց Գյումրիում և բոլոր մարզերում կատարել նույնը՝ շրջափակել բոլոր պետական կառույցների մուտքերը, քաղաքացիական անհնազանդություն իրականացնել:
Նիկոլ Փաշինյանին իր թիմակիցները հայտնեցին, որ երեք հոգի բերման են ենթարկվել, նա ասաց, թե «ոչինչ, որ բերման են ենթարկել, երեք ժամ հետո բաց կթողնեն»:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ որոշվել է դադարեցնել Փաշինյանի նախաձեռնած հավաքը և խնդրեց, որպեսզի նա այդ մասին տեղեկացնի հավաքի մասնակիցներին, սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամից պատռեց այն:
Պատգամավորը կոչ արեց ոստիկաններին լուսաձայնային նռնակներ ընդհանրապես չգործադրել, քանի որ դեպքեր եղել են, որ դրանց հետևանքով մարդիկ են զոհվել։
Ինչ վերաբերում է լուրերին, թե Արցախից զորք են բերում, նա պատասխանեց.«Արցախի զորքն ի՞նչ գործ ունի Հայաստանում, նրանք առաջնագծի պահպանությամբ են զբաղվում, ես համոզված եմ, որ Արցախի իշխանությունները նման որոշում չեն կարող կայացնել, քանի որ դա նշանակում է առաջնագիծը թուլացնել»,-ասաց նա:
Երևանի կենտրոնում այսօր՝ առավոտյան ժամը 07.50-ի սահմաններում, երբ ոստիկանները փորձում էին բացել Մաշտոց–Թումանյան խաչմերուկը, հրմշտոց սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև, ինչից հետո ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել ցուցարարներից մի քանիսին։
Միջադեպի վայր շտապեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով ոստիկանությանն ասաց, որ ոստիկանության նկատմամբ իրենք բռնություն չեն գործադրում: Ոստիկաններից մեկը Փաշինյանին կոչ արեց երիտասարդներն ասել, որպեսզի հանգիստ մնան:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին փակել փողոցները, պետական գերատեսչություններում հայտարարել նստացույց, թույլ չտալ որևէ մեկին աշխատանքի գնալ, սակայն այդ ամենն անել առանց բնության, որևէ գույք վնասելու: Նա նաև կոչ արեց դեսպանատները շրջափակել:
Ի վերջո, ցուցարարները փակեցին Մաշտոց–Թումանյան խաչմերուկը։
Լրագրողների հարցին, թե ինչու են բերման ենթարկել ցուցարարներին, ոստիկաններից մեկը պատասխանեց, որ կարող են դիմել ոստիկանության լրատվական ծառայություն։