Հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության որոշումը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին, ով պատռեց այն
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին:
Այս մասին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ 2018 թվականի ապրիլի 13-ից ընթացող հավաքներին միջամտող այլ գործողություններ չի կատարել, քանի որ հավաքը հիմնականում կրել է խաղաղ բնույթ: Հավաքը որոշակի ժամանակահատված դադարել է խաղաղ լինելուց, երբ ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին ուղղորդել է դեպի Բաղրամյան պողոտա՝ փորձելով ճեղքել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանական պատնեշը:
Հրահրված բախումների արդյունքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում վնաս է պատճառվել անձանց առողջությանը, հանրային սեփականություն հանդիսացող գույքին:
Ոստիկանությունը հայտարարում է, որ հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի տևականությունը, երթևեկությունը կաթվածահար անելուն ուղղված դիտավորյալ գործողություները և մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար լայնածավալ անհարմարությունների ստեղծումը, և, վերջապես, հավաքի որոշ մասնակիցների կողմից զանգվածային անկարգությունների կատարումը, դրա հետևանքով ֆիզիկական և գույքային վնաս պատճառելը այլևս գերակա են դարձնում այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները՝ նկատի ունենալով, որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից։
Ուստի, հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը, Ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից կատարել այն, այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին: Ոստիկանությունը շեշտել է, որ վերոնշյալ պահանջը չկատարելու դեպքերում ոստիկանությունը հավաքը ցրելու, ներառյալ` «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կիրառելու լիազորությունի ունի։
Այսօր առավոտյան Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանության այս հայտարարությունը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին, ով անմիջապես պատռեց այն։ Պատգամավորն այնուհետև կոչ արեց ոստիկաններին լուսաձայնային նռնակներ չնետել, քանի որ եղել են դեպքեր, որ դրանց կիրառումը հանգեցրել է մարդկային զոհերի։