406 մլն դրամ, 45,000 ԱՄՆ դոլար, 45,000 եվրո. Մանվել Գրիգորյանի դրամական միջոցները՝ ըստ հայտարարագրի
Երկրապահ կամավորական միության նախագահ, գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի դրամական միջոցները, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2017թ. տարեկան գույքի ու եկամուտների հայտարարագրի, կազմել են 405 մլն 762,500 դրամ, 45,000 ԱՄՆ դոլար, 45,000 եվրո:
Հայտարարագրում Գրիգորյանը նշել է, որ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացել է 1 մլն 976,590 դրամ:
Մանվել Գրիգորյանը 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք (թանկարժեք գույքը) չի հայտարարագրել:
Փոխարենը հայտարարագրված արժեթղթերը հետևյալն են՝ 72 մլն 800 000 ՀՀ դրամ բաժնետոմս, 50 000 ՀՀ դրամ բաժնետոմս, 32 մլն 900 000 ՀՀ դրամ բաժնետոմս և
61 մլն 540 000 ՀՀ դրամ բաժնետոմս:
Գեներալն ունի երկու հողամաս, որոնց տարածքը նշված չէ, արտադրական նշանակության շինություն, գրանցել է նաև նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:
Մանվել Գրիգորյանի հայտարարագրում նշված 8 ավտոմեքենաներից միայն մեկն է «PEUGEOT 405», մնացածը 7-ը GAZ մակնիշի ավտոմեքենաների տարբեր տեսակներ են:
Պատգամավորի հետ փոխկապակցված պաշտոն զբաղեցնող անձինք են նրա որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և դուստրը՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանը:
Կարեն Գրիգորյանի դրամական միջոցներն ըստ հայտարարագրի կազմում են 7 մլն 300, 000 դրամ, 2,100 դոլար, 5,600 դոլար:
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացել է 2 մլն 515 հազար 157 դրամ: Այլ մանրամասներ հայտարարագրում նշված չեն:
Նաիրա Գրիգորյանի դրամական միջոցներն ըստ հայտարարագրի հարկային տարվա վերջում կազմում են 1 մլն 950,000 դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունից՝ 7 մլն 807, 680 դրամ: