Կան սպառնալիքներ, բայց պատերազմ չի լինի․ Կայծ Մինասյանը՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների լարվածության մասին
Սիրիայի հետ կապված երկու հակասական իրավիճակ է ստեղծվել․ մեկը՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մշտական լարվածությունն է, որը նոր բան չէ, իսկ մյուսը՝ թատերական ներկայացումներն են, որը վարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անընդհատ Twitter-ում «էմոցիոնալ» հայտարարություններ անելով: Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, «Le Monde»-ի թղթակից Կայծ Մինասյանը:
«Իրականությունն այն է, որ Ասադը գրեթե հաղթեց պատերազմում, և հիմա պատրասվում են բանակցությունների: Գերտերություններն էլ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը հիմա փորձում են ամրացնել իրենց դերը սիրիական հակամարտությունում, փորձում են հասկանալ, թե հատկապես որ կողմն է ուժեղ լինելու բանակցային սեղանի շուրջ, «մեծ աթոռո՞վ» են նստելու, թե՞ փոքրով»,- ասաց նա:
Կայծ Մինասյանը․ որպես նման «թատրոնի» օրինակ, հիշատակեց ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունների սրումը․ փոխադարձ սպառնալիքներ հնչեցին, սադրանքներ եղան, սակայն ամենը եզրափակվեց պատրաստակամությամբ, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներն ինչ-որ մի տեղ կհանդիպեն:
«Այստեղ իրականություն կա, և կան սպառնալիքներ, բայց դրանք այնքան մեծ չեն, որ դրանցից վտանգ զգանք․ Թրամփը փորձում է «դիվերսիոն» գործողություններ անել՝ իր հասարակության տրամադրությունները ճշտելու համար»,- ասաց նա:
Գնահատելով Արևմուտքի՝ սիրիական հիմնախնդրում միասնական լինելը, Կայծ Մինասյանը նկատեց, Եվրոպայում, բացի Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից, մնացած երկրները կարծես թե «առաջին գիծ» չեն ցանկանում դուրս գալ: Ըստ նրա՝ դա մտահոգիչ է, քանի որ եվրոպացիները կարծես բացակայում են սիրիական հիմնախնդրի գործընթացներում, կամ չեն ցանկանում մասնակցել՝ անտարբերություն կամ ցինիզմ ցուցաբերելով:
«Եթե ցանկանում եք որպես մեկ քաղաքական ուժ երևալ, ապա պետք է միասնական լինեք, քանի որ Սիրիան Միջին Արևելքում է, որն էլ շատ մոտ է Եվրոպային: Դա նշանակում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնես խնդրի վրա և միջոցներ ծախսես»,- ասաց նա:
Իրավիճակի մասին փորձագետն ունի հստակ կարծիք՝ Պուտինն աքլոր է, Թրամփն էլ է աքլոր: «Աքլորների կռիվ է: Դա շատ պարզ է: Հնարավոր է հանդիպեն և իրավիճակը հանդարտվի: Իրավիճակն իրականում վտանգավոր չէ, ճիշտ հակառակը: Ինչպես ասացի՝ այս իրավիճակն ունի երկու կողմ՝ մեկը թատրոն է, մյուսը՝ իրականություն: Միայն շատ փոքր քայլով ոճը փոխված է, բայց դա պատերազմի չի բերի»,- ասաց նա։
Քիմիական հարձակումը, Կայծ Մինասյանի համոզմամբ, պատրվակ չէր Արևմուտքի համար Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար: Նա նկատեց՝ քիմիական զենքի օգտագործումը փաստ է, իսկ Արևմուտքը դա չի ընդունում:
«Արևմուտքը կարծում է, որ Ասադի արածը օրենքից դուրս է և պետք է Ասադը դրա համար պատժվի, իսկ ռուսներն էլ ասում են՝ թե չգիտեն՝ ով է քիմիական զենքն օգտագործողը: Դա սուտ է»,- ասաց նա:
Խոսելով Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ մեր առնչությունների մասին՝ Կայծ Մինասյանը նկատեց՝ Հայաստանը պետք է հետևի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին, ուշադիր հետևի և իր համար հետևություններն անի:
«Պետք չէ խառնվել, պետք է հետևել և լավ ուսումնասիրել այստեղ Ռուսաստանի, Թուրքիայի, Ամերիկայի մարտավարություններն ու դասեր քաղել»,- ասաց նա: Այս համատեքստում մատնանշեց թուրքերի ու ռուսների համագործակցությունն Աֆրինում, նկատեց, որ դա երբեմն սխալ ընկալման առիթ է տալիս․այդ համագործակցությունը կապված է միայն հակաարևմտյան քաղաքականության հետ:
«Ո՞վ պետք է տուժի այդ համագործակցությունից: Մե՞նք, ինչպես ժամանակին եղավ: Ապրիլյան պատերազմից առաջ ռուսները մեզ շատ վնասեցին, սակայն դրանից հետո նրանք էլ խոստովանեցին, որ դաշնակիցների իրենց ցանկը մեծ չէ․ ո՛չ Վրաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան նրանց դաշնակիցը չեն: Նշանակում է, որ նրանք ստիպված են կարևորություն տալ Հայաստանին,- ասաց նա՝ նշելով, որ եթե այդպես չլիներ, ռուս-թուրքական հարաբերությունները բարելավված լինեին, ապա Ռուսաստանը պետք է հաներ իր ռազմաբազան Գյումրիից,- ուրեմն այդպես չէ: Մեր դեմ չէ ուղղված այդ երկրների համագործակցությունը, բայց միևնույն է, պետք է զգույշ լինենք և հետևենք Սիրիայում զարգացումներին, նրանց գործելակերպին: Պետք է որքան հնարավոր է չեզոք լինենք, հետևենք, սպասենք, բայց անհրաժեշտության դեպքում նաև արձագանքել, դատապարտել՝ առանց չափազանցնելու, առանց վախենալու»: