Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի շնորհիվ ԱԻՆ-ին շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն է տրամադրվել
2017թ. ընթացքում և արդեն 2018թ. ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական գույքը զգալիորեն թարմացվել է:
Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի բաժնից:
Ըստ նախարարության՝ միայն Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի շնորհիվ նախարարությանը շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն է տրամադրվել:
«Համալրվել են հրշեջ մոտոպոմպեր, գեներատորներ, վթարա-փրկարարական և հիդրավլիկ գործիքներ, 4 մոտորանավակ, 5 «UAZ Patriot» մեքենա, 1-ական մեքենա՝ նախատեսված ջրասուզակների և սակրավորների համար, լուսավորություն ապահովելու լապտերներ, շնչառական ու որոնողական սարքեր, 30 լուսային աշտարակ՝ պատահարներին արձագանքման ժամանակ բաց տարածքներում լուսավորություն համար, ամենագնաց 8 կվադրոցիկլ և 12 հրշեջ-փրկարարական մեքենա, բարձրանցանելիության 2 վթարափրկարարական մեքենա, փրկարարական 161 վրան, դաշտային խոհանոցի ծավալման գույք, ջրափրկարարական հանդերձանք, փրկարարական այլ սարքավորումներ և տեխնիկա»,- ասված է պատասխանում:
Ըստ նրանց՝ ԱՄՆ եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում Արարատի և Սյունիքի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներին նվիրաբերվել է հրդեհաշիջման նոր գույք՝հրակայուն և ջերմամեկուսիչ հանդերձանք, մարտական բաճկոններ, պոմպեր, փողրակներ, հիդրավլիկ մկրատներ, ամբարձիչներ, լուսարձակներ ու օդի կոմպրեսորներ:
ԱՄՆ Գլենդել քաղաքի նվիրատվությամբ՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մեքենաների ավտոպարկը համալրվել է ամերիկյան արտադրության երկու մեքենայով:
«Հրշեջ սարքավորումների բարելավում» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ հաջորդ տարի կարդիականացվեն ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների գույքը և ավտոﬔքենաները, ինչը կնպաստի նշված մարզերի տնտեսական և սոցիալական զարգացմանը: Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է Հայաստանին տրամադրել բոլորովին նոր ու ժամանակակից 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան: