Կառավարության ռազմահայրենասիրական դաստիարակության նախաձեռնությունը մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Կառավարության՝ ռազմահայրենասիրական դաստիարակության մասին նախագիծը չափազանց անհրաժեշտ է Հայաստանի համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Վերջինս նշեց, որ հատկապես երիտասարդների, նոր սերնդի շրջանում ռազմահայրենասիրական դաստիրակությունը խորացնել է պետք:
«Կարծում եմ, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը կոչված չէ միայն զենքի, պատերազմի մասին գաղափարների տարածմանը: Այն կոչված է լինել լավագույնը ամեն ինչում՝ հոգևոր, մշակութային, մարմնամարզական և մնացած բոլոր ասպարեզներում: Մենք խնդրին պետք է մոտենանք որպես լավագույնը, բարձրագույնը լինելու արժեք»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ 21-րդ դարում փոքր պետությունների և հատկապես Հայաստանի կյանքում, որը դատապարտված է այս տարածաշրջանում բախվելու խնդիրների հետ, որոնք մեր երկրի անվտանգության հարցերն են արծարծում, պետք է լինել զգոն ու զգուշավոր, պատրաստված լինել, կրթված՝ մշակութային ժառանգությունն ու ինքնությունը գնահատելու առումով:
«Ըստ իս՝ այս նախաձեռնությունը օդի ու ջրի պես անհրաժեշտ է մեզ»,- նշեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Խոսելով տեսակետների մասին, որ հայրենասիրությունը, հայրենիքը պաշտպանելու ձգտումը զգացմունքներ են, և կառավարությունն այն մարմինը չէ, որը պետք է կառավարի մարդկանց զգացմունքները, Տավուշի թեմի առաջնորդն այսպես արձագանքեց. «Կառավարությունը ուղղորդելու է կոչված, հնարավորություններ ստեղծելու է կոչված: Կառավարության գործառույթը դա է՝ ոչ թե ճնշել, պարտադրել այս կամ այն գաղափարը, այլ՝ ուղղորդել, սահմանել ուղեգիծ, թե ինչ ճանապարհով պետք է զարգանա երկիրը: Սա սերտ առնչություն ունի մեր ներկայի ու ապագայի հետ: Մենք պետք է սովորենք, թե ինչ ենք կորցրել անցյալում, ճիշտ գնահատենք ներկան, կարողանանք ներկայում տեսնել, թե զարգացման ինչ ամուր հիմքեր ենք տեսնում ապագայի համար»:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ մենք «չենք կարող թեթև ապրել, որքան էլ ցանկանանք, որովհետև մեզնից անկախ գտնվում ենք մի տարածաշրջանում, որը անակնկալներով լի է հայ ժողովրդի անվտանգության ապահովման իմաստով»:
«Մեր աղոթքների մեջ մենք շատ հետաքրքիր ու գեղեցիկ արտահայտություն ունենք, երբ ասում ենք երևելի ու աներևույթ թշնամուց փրկվելու մասին: 21-րդ դարում մենք առերեսվում ենք բազմաթիվ հոգևոր, մշակութային խնդիրների հետ, որոնք գալիս, լցվում են մեր կյանք ու անպայման չէ, որ մեր ինքնության հետ հարազատ լինեն: Այս բոլոր մարտահրավերների դիմաց մենք պետք է կարողանանք մեր դիմադրողականությունը ցուցաբերել»,-շեշտեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: