Գերմանացիների հավաստիացումը կարող է երաշխիք լինել միայն մանկապարտեզի երեխաների համար․ գերմանահայը` «ՎիզաՄետրիկի» անվտանգ լինելու մասին
Գերմանիայի հայ համայնքի անդամ, «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ ամենը, ինչ կապված է թուրքերի հետ, հայերի համար վտանգավոր է:
Նա Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Գերմանիայի դեսպանատան ընտրության վերաբերյալ, ըստ որի, ապրիլի 3-ից Շենգենյան վիզայի համար դիմումներ է ընդունելու ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» կոնսորցիումը, որի հոլդինգը գտնվում է Թուրքիայում:
Ազատ Օրդուխանյանի համոզմամբ՝ չպետք է հավատալ հավաստիացումներին, թե ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը ամենաբարձր մակարդակի վրա կլինի:
«Թուրքերի խոսքին մենք արդեն 1200 տարի է` չենք հավատում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն է հավաստիացնողը, նա պատասխանեց․«Կարծում եմ՝ գերմանացիների այդ ասպեկտով հավաստիացումը կարող է երաշխիք լինել միայն մանկապարտեզի երեխաների համար, ոչ մեզ համար: Թող գերմանացի հավաստիացնողները ուսումնասիրեն մեր և նրանց պատմությունը և հասկանան, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:
Նրա դիտարկմամբ՝ Գերմանիայում շատ կազմակերպություններ պատկերացնում են թուրքական ընկերությունների հետ համագործակցության վտանգները: «Եթե անգամ գերմանացիները մեզ հավաստիացնում են, որ անձնական տվյալները պաշտպանված կլինեն, չի նշանակում, որ մեզ համար դա պետք է օրենք լինի։ Շատ գերմանացիներ իրենց շահերից կամ նաիվությունից, անտեղյակությունից կամ «կապուտաչյա մտածողությունից» ելնելով են նման քայլերի գնում»,- ասաց նա:
Ամենամեծ թուրքական սփյուռք ունեցող Գերմանիայում ապրող Ազատ Օրդուխանյանը նկատեց, որ թուրքերից հայերը վտանգ պետք է սպասեն միշտ, ցանկացած հարցում, լինի այն ամենապարզ, ամենաանմեղ իրավիճակը:
«Եթե Հայաստանի համապատասխան մարմինները մեզ՝ Գերմանիայում հայ համայնքին ներկայացնեն խնդրի էությունը, իրենց մտահոգությունը, մենք բողոքի ցույցեր կանցկացնենք այն գերատեսչությունների դեմ, որոնք այդ հարցի պատասխանատուներն են՝ լինեն դրանք թուրքական, գերմանական, թե ռուսական, կարևոր չէ: Բազային տվյալները ամենակարևոր տեղեկատվության աղբյուրն է, ինչպե՞ս կարող ենք մենք վստահել թուրքերին կամ ռուսներին: Ինչու՞ հայկականը դա չի կարող անել»,- ասաց նա:
Հարցադրմանը, թե ինչո՞ւ գերմանական կողմը հաշվի չի առել հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները վիզաներն ընդունող կազմակերպություն ընտրելիս, Ազատ Օրդուխանյանը պատասխանեց․ «Մենք ամեն դեպքում պետք է բողոքենք, ներկայացնենք իրականությունը և մեր մտահոգությունը ներկայացնենք: Չեմ կարող ասել, թե ինչու հաշվի չեն առել: Կարող է փողն է կուրացրել, իրենց շահն է կուրացրել, կարող է իրենց համար դա ավելի կարևոր է, քան հարցի՝ մեզ համար զգայուն լինելը: Չեմ կարող ասել»:
Գերմանահայի խոսքով՝ մենք հիմա պետք է կարողանանք փոխել իրավիճակը, նորից շեշտեց՝ ինչը կապված է թուրքի հետ, վտանգավոր է: «Թուրքից միշտ վտանգ կա, 1200 տարի վտանգ եղել է, հիմա էլ շարունակում ենք վտանգ զգալ: Ինչը, որ թուրքի հետ է կապված, պետք է շրջանցենք, փոխարինենք: Նրանք արդեն 40-50 տարի է, հաստատվել են Գերմանիայում, ամրացնում են իրենց կապերը: Այնպես որ, առաջարկում եմ ոչ միայն վերլուծել իրավիճակը, այլ նաև գործնական քայլերի դիմենք, այդտեղ մեր ձայնը բարձրացնենք, բոյկոտենք»,- ասաց նա: