«Ինչպե՞ս ապրել, դատարկություն». Կեմերովոյի հրդեհի զոհերի հարազատները՝ այդ թվում Սարգիս Խումարյանը, կիսվել են զգացողություններով (լուսանկարներ, տեսանյութ)
tjournal.ru-ն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով իրենց հարազատներին ու ընկերներին կորցրած մարդկանց: Նրանց թվում է Սարգիս Խումարյանը, որը կորցրել է որդուն ու թոռանը:
Ինչպես «Дождь» հեռուստաալիքին պատմել է հրդեհի հետևանքով մահացած Դմիտրի և Միխայիլ Գալանինների հայրն ու պապը, այդ օրն իր թոռը համոզել է իր որդուն գնալ կինոթատրոն և մուլտֆիլմ դիտել:
Տղամարդու խոսքով՝ որոշ ժամանակ անց իրեն զանգահարել է հարսն ու խնդրել արագ գնալ առևտրի կենտրոն՝ նշելով, որ այնտեղ հրդեհ է բռնկվել, իսկ Դմիտրին ու Միխայիլն այնտեղ են:
«Ես գնացի առևտրի կենտրոն անմիջապես հրդեհի սկսվելուց հետո: Ինձ ներս չէին թողնում, իսկ ես ասում էի՝ այնտեղ որդիս ու թոռս են», - պատմել է նա:
Նրան ցույց չեն տվել որդու մարմինը, միայն ցույց են տվել նրա իրերը։ Խումարյանը նշել է, որ իր որդին մահացել է՝ փրկելով երեխաներին:
«Առողջ էր և ուժեղ, հաստատ կփախչեր, եթե ցանկանար ողջ մնալ, սակայն նա մարդկանց էր փրկում, նա մահացավ», - ասել է նա:
Թղթակցի հարցին՝ արդյոք հույս կա, որ իր հարազատները ողջ են, նա պատասխանել է, որ այլևս ընդհանրապես հույս չունի:
Նա նշել է, որ չի հասցրել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ նա Կեմերովոյում էր: Տղամարդու խոսքով՝ ինքը ցանկանում էր խնդրել նախագահին «խստորեն պատժել» աղետի բոլոր պատասխանատուներին:
Խումարյանը պատմել է, որ իր թոռը մարզպետի մրցանակի դափնեկիր էր ու կարող էր «հայտնի ֆիզիկոս դառնալ», եթե չմահանար:
Տղամարդը չգիտի՝ ինչով կզբաղվի հետագայում:
«Ինչպե՞ս ապրել: Դատարկություն… Ի՞նչ անեմ 70 տարեկանում: 70 տարեկան, պատկերացնո՞ւմ եք», - ասել է նա:
Անդրեյ Չմիխալովը կորցրել է իր խորթ եղբորը՝ 11-ամյա Վադիմին: Անդրեյը տեսել է Վադիմի անունն անհայտ կորածների ցանկում և զանգահարել պապիկին:
Միխայիլ Տրուսովը կորցրել է իր երկու դուստրերին: Նա գտնվել է երեք կինոդահլիճներից մեկում, և ծուխ է զգացել: Սկզբում նա ու մյուսները որոշել են դուրս չգալ և սպասել, սակայն 15 րոպե անց Տրուսովը միայնակ դուրս է եկել դահլիճից՝ փորձելով տեղեկանալ իրավիճակի մասին: Նա մի քանի քայլ է արել ու ծխի պատճառով կորցրել գիտակցությունը: Տղամարդը չի կարողացել վերադառնալ իր երեխաների հետևից և ուշքի է եկել միայն հիվանդանոցում:
Վալերյա Զարյուտան կորցրել է իր վեց ընկերուհիներին:
Տատյանա Սերգեևան կորցրել է իր 11-ամյա թոռանը:
Դմիտրի Բարանովը կորցրել է երկու երեխաներին, մորը, քրոջը և զարմուհուն: Տղամարդը մնացել է տանը և զբաղվել իր գործերով, իսկ աղետի մասին իմացել է լուրերից:
Իգոր Վոստրիկովը կորցրել է երեք երեխաներին, կնոջը և քրոջը: Հիշեցնենք, որ ՌԴ Կեմերովոյի մարզպետի տեղակալ Սերգեյ Ցիվիլևը մեղադրել էր նրան «դժբախտության հաշվին փիար» անելու համար:
Երեկ Վոստրիկովը տեսանյութ է հրապարակել «ВКонтакте» սոցցանցում, որում պատմել է՝ ինչ է տեսել տեսահսկման համակարգի տեսանյութերում:
«Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալների համաձայն, զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա, տուժել է 79 մարդ:
Այսօր ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ առևտրի կենտրոնն ինքնակամ կառույց է, կառուցվել է առանց շինարարության թույլտվության։
Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։
Կան գործով ձերբակալվածներ ու կալանավորվածներ։ Այսօր հաղորդվել է, որ Կեմերովոյում ձերբակալել են «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային։ Այս ընկերությունը համարվում է այրված «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատերը։