Կեմերովոյի մարզպետն առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի զոհերի ընտանիքներին է փոխանցել իր մեկօրյա աշխատավարձը
ՌԴ Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևն ու իր տեղակալներն իրենց մեկօրյա աշխատավարձը փոխանցել են «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի ընտանիքների օգնության համար բացված հաշվեհամարին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ մարզպետարանի կայքին հղումով։
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Աման Տուլեևի մեկօրյա աշխատավարձը կազմում է 5724 ռուբլի 12 կոպեկ։
Այս հաշվեհամարին փոխանցվում են նաև տարբեր ձեռնարկությունների, կազմակերպությունների, ընկերությունների, մարզի բնակիչների, ՌԴ այլ մարզերից ստացվող նվիրաբերությունները։
Մարտի 29-ի դրությամբ՝ բարեգործական հաշվեհամարին ստացվել է 24,3 մլն ռուբլի։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Քննությունը դիտարկում է երկու վարկած՝ կարճ միացում և հրդեհում։
Կան գործով ձերբակալվածներ ու կալանավորվածներ։ Այսօր հաղորդվել է, որ Կեմերովոյում ձերբակալել են «Կեմերովոյի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովային։ Այս ընկերությունը համարվում է այրված «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի շենքի սեփականատերը։