Զարուհին արդար չէ, ճիշտ չէ ու ողջ պատմությունը չի ներկայացնում. Ստեփան Սաֆարյանը՝ Զ. Փոստանջյանի՝ Անահիտ Բախշյանին ուղղված մեղադրանքի մասին
Ցավում եմ իմ երկու նախկին գործընկերների միջև տեղի ունեցածի համար ու ցավով պետք է նշեմ, որ Զարուհին արդար չէ, ճիշտ չէ ու ողջ պատմությունը չի ներկայացնում, ավելին՝ հնչեցված մեղադրանքներում կան սխալներ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, որում նա Անահիտ Բախշյանին մեղադրում էր Նախագահ Սերժ Սարգսյանից մեդալ վերցնելու մեջ:
Ստեփան Սաֆարյանը ներկայացնում է այդ մեդալի հետ կապված ողջ պատմությունը.
«Պատմությունը հետևյալն է. 2011թ. սեպտեմբերի 21-ին Ազգային ժողովի շենքի առջև պետք է տեղի ունենար Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի հոբելյանական տոնակատարությունը, և ԱԺ նախագահությունն ու Նախագահի նստավայրը որոշում էին կայացրել պատվոգրեր հանձնել Խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորներին:
Ըստ այդմ՝ բոլոր խմբակցությունները, այդ թվում՝ «Ժառանգություն» խմբակցությունը ստացել էին գրություններ՝ նոմինացնելու թեկնածու: Իմ բոլոր գործընկերներն արժանի են եղել այդ առաջադրմանը, քանի որ, գաղտնիք չէ, «Ժառանգության» պատգամավորներից ավելի կամ հավասար ակտիվ շատ քիչ պատգամավորներ են եղել նախկին խորհրդարանում:
Բայց քանի որ մեր կազմում իր ցուցանիշներով /նամակներ քաղաքացիներից, հետադարձ կապ քաղաքացիների հետ, նամակագրություններ պաշտոնական մարմիններին, օրենսդրական նախաձեռնություններ ու հատկապես դրանցից ընդունվածների թիվը/ Անահիտ Բախշյանը եղել է ամենաառաջատարը, բնականաբար, ներկայացրել ենք նրա թեկնածությունը:
Պատվոգիրը հանձնվել է ԱԺ բակում, այդ մեծ միջոցառման ներկա մեր ժողովրդի ու մեր բոլորիս ներկայությամբ ու բոլորիս ծափահարությունների տակ, քանի որ խմբակցությունում բոլորս ուրախ ենք եղել մեր գործընկերոջ աշխատանքի գնահատման համար: Ի դեպ, հարցը քննարկվել է նաև կուսակցությունում, կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես միանշանակ կողմ է եղել, գտել է, որ մենք պետք է թեկնածու առաջադրենք, որից հետո է որոշվել Անահիտի անունը:
Այնպես որ, Անահիտի աշխատանքը գնահատել ենք մենք, Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը այդ թեկնածության որոշման հետ կապ չունեն, դա մենք ենք որոշել բոլորս միասին, այդ թվում՝ Զարուհին ներառյալ, ու ցավ եմ ապրում, որ Զարուհու կողմից նման մեղադրանք է ներկայացվում, երբ նախկինում մենք բոլորս միասին ենք որոշել, որ մեզանից մեկնումեկը պետք է նոմինացվի, ու որոշել ենք, որ դա Անահիտն է: Այժմ արդար չէ սա ներկայացնել չգիտեմ ինչ լույսի ներքո, այն էլ Ռոբերտ Քոչարյան ու չգիտեմ ինչ խառնելով....»,-ասաց նա: