Արցախում պատերազմի հավանականությունը զրո է, իսկ եթե սկսվի, ապա այն կվերածվի համաշխարհային պատերազմի. ռազմական փորձագետ
Արցախում պատերազմի հավանականությունը զրո է՝ հաշվի առնելով և՛ աշխարհաքաղաքական, և՛ ռազմական իրավիճակը: Նրանք, ովքեր ասում են՝ պատերազմի վտանգը մեծ է, իրականությունից բավականին հեռու են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Բայց այն, որ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվելու է, և ցավոք, այդ խախտման հետևանքով մենք ունենալու ենք նաև կորուստներ, դա փաստ է: Քանի դեռ Արցախի հարցին քաղաքական լուծումը չի տրվել, հրադադարի ռեժիմի խախտումը պակաս կամ ավելի ուժգնությամբ լինելու է»,- ասաց նա:
Փորձագետի խոսքով՝ 1994 թ.-ի հրադադարի հաստատումից առ այսօր ադրբեջանա–արցախյան և հայ-ադրբեջանական սահմանին պատերազմ չի եղել: Մնացած ամեն ինչը, անգամ 2016 թ.-ի ապրիլին տեղի ունեցածը, ռազմական փորձագետը լայնածավալ ռազմական գործողություններ է որակում, որը, ըստ նրա՝ պատերազմ չէ:
«Որպեսզի հստակ և դյուրին լինի գնահատման համար, պետք է տարանջատել հրադադարի ռեժիմի խախտումը, որը կարող է լինել նվազ և ակտիվ ինտենսիվությամբ: Ավելի փոքրածավալ հրադադարի խախտում է, երբ հակառակորդը իր առջև չի դնում զինանձնակազմի, ծանր տեխնիկայի տեղաշարժ, հարվածային մի քանի ուղղություններ, որոշ բնագծերի գրավում: Լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ, ինչպիսին եղավ ապրիլյանը, այսպիսի խնդիրներ դրված էին, բայց դա պատերազմ չէր: Հետևաբար, երբ ապրիլյան գործողությունները պատերազմ են գնահատում, դա ոչ մասնագիտական է»,- նշեց նա:
Ըստ նրա՝ պատերազմն այն է, երբ մեկ երկիրը նպատակ է դնում մյուսին հաղթել, ոչնչացնել հակառակորդ երկրի զինական, դիմադրական ամբողջ ներուժը: Իսկ պատերազմի վերջնական նպատակը հակառակորդին հաղթելն է և պարտության պայմանագիրը հաղթող կողմի պայմաններով ստորագրելն է:
«Սա է պատերազմը: Մինչև 1994 թ.-ը Ադրբեջանն իրականացնում էր պատերազմ՝ նպատակ հետապնդելով ֆիզիկապես ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությանը: Այսինքն, եթե լինի պատերազմ, ուրեմն Ադրբեջանը խնդիր պետք է դնի Արցախի և Հայաստանի Հանրապետություններին հաղթելու, որպեսզի Հայաստանը պարտության պայմանագիր ստորագրի, հրաժարվի Արցախից»,- հայտնեց Հայկ Նահապետյանը:
Սակայն, Ադրբեջանը չի գնա պատերազմի՝ հաշվի առնելով ապրիլյան ռազմական գործողությունները, որտեղ Ադրբեջանը գերակշռություն ունեցող անձնակազմի և տեխնիկայի կիրառմամբ, այնուամենայնիվ՝ նա չկարողացավ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:
«Ադրբեջանը պատերազմ չի սկսի: Վստահեցնում եմ ձեզ, եթե մի երկիր, մեկ այլ երկրի նկատմամբ փորձում է ագրեսիա իրականացնել, պատերազմ սկսել, կամ իր իսկ գնահատմամբ՝ ազատագրական պայքար սկսել, ապա նա պետք է 100 տոկոսով համոզված լինի, որ հաղթելու է: Հակառակ դեպքում, եթե պարտվի, նա կկորցնի ավելին: Ասեմ ավելին` Ադրբեջանը համոզված է, որ այդ պատերազմի ժամանակ չի հաղթելու, որովհետև ՀՀ-ն ունի ռազմավարական նշանակության այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են Իսկանդերը և Սկադը: Ադրբեջանն այդ ամեն ինչը գիտի»,- ընդգծեց ռազմական փորձագետը:
Աշխարհաքաղաքական տեսանկյունից ևս, Հայկ Նահապետյանը համոզված է, որ պատերազմի հավանականությունը զրո է:
«Որ ասում են պատերազմի վերսկսում, հաջորդ քայլը պետք է հասկանալ: Երբ Ադրբեջանի զինված ուժերը սկսում են պատերազմ Արցախի Հանրապետության նկատմամբ, Հայաստանի իշխանությունները փաստել են և բարձրաձայնել են, որ այդ դեպքում, Հայաստանն Արցախի հետ կկնքի ռազմական դաշինք և մեր արյունակիցներին օգնության կհասնի: Եթե Հայաստանը մտնում է այդ պատերազմական գործողությունների շրջան, ապա ուղղակիորեն Ադրբեջանը կարող է նաև պատերազմական գործողություններ սկսել Հայաստանի Հանրապետության դեմ: Դա նշանակում է, որ այդ պահին սկսում է գործել ՀԱՊԿ պայմանագիրը, որի անդամ է Ռուսաստանը: Այսինքն` այդ պատերազմական գործողություններին ներքաշվում է Ռուսաստանը:
Թուրքիան էլ որպես Ադրբեջանի ռազմավարական դաշնակից և արցախա–ադրբեջանական շրջանում որպես տանդեմային ուժ, ևս մտնելու է այդ պատերազմական գործողությունների մեջ: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ մտնելով պատերազմական գործողությունների մեջ, և եթե հակառակորդն իր դեմ օգտագործի զինտեխնիկա, ապա այստեղ կսկսի գործել ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև կնքած պայմանագիրը: Եվ կդառնա համաշխարհային պատերազմ: Հետևաբար, բոլոր կողմերը լավ հասկանում են, որ դա չի լինելու»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե շատերը կասկածում են ՀԱՊԿ-ի աջակցությանը՝ հաշվի առնելով այն, որ Տավուշի կողմից լարվածության մեծացման ժամանակ ՀԱՊԿ-ը չի արձագանքում, Հայկ Նահապետյանը նշեց. «Տավուշի կողմից, երբ որ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտում է, ապա Հայաստանի այլ շրջաններից, այլ զորամասեր չեն գնում Տավուշի սահմանամերձ գոտի՝ այդ տարածքը պաշտպանող և պահպանություն իրականացնող զորամասերին օգնության: Քանզի այդ տարածքի զորամասերը իրենք կարողանում պաշտպանել սահմանը և հակառակորդի ոտնձգությանը համարժեք պատասխան տալ: Այսինքն, եթե անգամ ՀՀ զինված ուժերի այլ ստորաբաժանումների այլ ստորաբաժանումների անհրաժեշտություն չկար տեղափոխել այդ ուղղությամբ, ապա որն է տրամաբանությունը, որ ՀԱՊԿ-ը միջամտի»:
Նրա տեղեկացմամբ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում պայմանավորվածությունը հետևյալն է՝ «եթե ՀՀ-ի նկատմամբ կիրառվի ագրեսիա»: Դա ներառում է առաջին հերթին հակառակորդի զինտեխնիկայի և զինանձնակազմի ներխուժումը տարածք՝ բռնագրավելու և այդ տարածքում մնալու նպատակով:
«Սահմանում ունեցել ենք հրադադարի ռեժիմի խախտում՝ կրակոցներ տարբեր տրամաչափի զենքերից, բայց չի եղել նման բան, որ Ադրբեջանի ստորաբաժանումները թափանցեն ՀՀ պետական սահմանից ներս, գրավեն և մնան: Քանի դեռ նման բան չկա, ՀԱՊԿ-ին ներգրավել մի գործընթացում, որը հիմնավորված և պայմանավորված չէ պայմանագրի կետերով, դա անիմաստ է և աբսուրդ է»,- նշեց նա: