Հայտնի է դարձել, թե ով կնկարահանի 007 գործակալի մասին ֆիլմաշարի 25-րդ մասը
Բրիտանացի ռեժիսոր Դենի Բոյլը կնկարահանի Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 25-րդ մասը, ինչպես նաև կհեղինակի ֆիլմի սցենարը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, «բոնդիանայի» 25-րդ մասի սցենարը Բոյլը գրում է սցենարիստ Ջոն Հոջի հետ միասին: Նրանք միասին արդեն հեղինակել են «Ասեղի վրա» և «Լողափ» ֆիլմերի, ինչպես նաև այլ կինոնախագծերի սցենարները:
«Այժմ մենք աշխատում ենք սցենարի ուղղությամբ: Հույս ունենք ֆիլմի նկարահանումներն սկսել վեց կամ յոթ շաբաթվա ընթացքում: Այդ դեպքում ֆիլմը կթողարկվի այս տարվա վերջին», - հայտնել է ռեժիսորը բրիտանական աղբյուրին տված հարցազրույցում:
Ինչպես նշվում է, բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը Բոնդին մարմնավորել էր նախորդ ֆիլմում, հաստատել է, որ 007 գործակալի դերը կխաղա նաև 25-րդ մասում:
Դենի Բոյլի ամենահայտնի կինոաշխատանքը 2008-ին էկրան բարձրացած «Միլիոնատերն արվարձանից» ժապավենն է, որը պատմում է հնդիկ պատանու ճակատագրի մասին: Ֆիլմն արժանացել էր «Օսկար» մրցանակի 8 անվանակարգում, այդ թվում և ամենահեղինակավոր՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում: