Եկեղեցին հայկական է. Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով դատական առաջին նիստը հետաձգվել է
19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված էր առաջին դատական նիստը, որը հետաձգվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի իրավական հարցերով պատասխանատու Միքայել Ավագյանը:
Նշենք, որ Վիրահայոց թեմը համարում է, որ կեղծ փաստաթղթի հիման վրա եկեղեցին փոխանցվել է վրաց պատրիարքարանին և դիմել է դատարան՝ կամ եկեղեցին Վիրահայոց թեմին վերադարձնելու, կամ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն Էկոնոմիկայի նախարարությանը վերադարձնելու պահանջով:
«Թանդոյանց եկեղեցին այժմ համարվում է Վրաց պատրիարքարանի սեփականությունը, սակայն դա որևէ իրավական հիմք չունի:
Թանդոյանց եկեղեցին կառուցվել է որպես հայ առաքելական եկեղեցի, գործել է որպես հայ առաքելական եկեղեցի,խոնարհվել է որպես հայ առաքելական եկեղեցի: Այդ եկեղեցին հայկական է, սակայն 2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Թբիլիսի քաղաքային դատարանից մենք պահանջում ենք, որպեսզի չեղարկի Վրաստանի պետռեգիստրի՝ եկեղեցին վրաց պատրիարքարանին հանձնելու որոշումը»,-ասաց Ավագյանը:
Վիրահայոց թեմի իրավական հարցերով պատասխանատուն ասաց, որ եկեղեցին հայկական է, և այն վերադարձվելու է նախկին կարգավիճակին:
Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1883 թվականին: