Ադրբեջանը խոչընդոտում է Մեղրու ՀԷԿ-ի կառուցմանը և բանակցում, որ «Հյուսիս-հարավ» էներգետիկ միջանցքն անցնի ոչ թե ՀՀ-ով, այլ Ադրբեջանով. Վ. Դավթյան
Էներգետիկայի ոլորտի մասնագետ Վահե Դավթյանի խոսքով՝ Մեղրու ՀԷԿ-ի նախագծի շուրջ բանակցությունները սկսվել են դեռևս խորհրդային տարիներին, և չնայած և՛ իրանական, և՛ հայկական կողմերը հիմա պնդում են, որ այն իրագործվելու է շատ շուտով, դեռ մի քանի տարի կտևի ծրագրի իրագործումը:
«Վերջին տարիներին Մեղրի ՀԷԿ-ի նախագծի իրագործման հետ կապված խոչընդոտներ դարձան Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները»,- ասաց նա՝ նկատելով, որ իրանական կողմն ամբողջությամբ իր վրա է վերցրել ՀԷԿ-ի կառուցման համար նախատեսվող ծախսերը:
Նշենք, որ վերջերս Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի մասին խոսել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը՝ նշելով, որ երկար տարիների քննարկումից հետո այժմ, ամենայն հավանականությամբ, այն կմտնի գործնական իրականացման փուլ: «Խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ՝ Արաքս գետի վրա կառուցվելիք Մեղրիի ՀԷԿ-ին է վերաբերում»,- ասել էր նա:
Այս մասին վերջերս խոսել էր նաև ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ նշելով, որ Մեղրու ՀԷԿ-ի գործարկման ուշացումն իրենց կողմից չի եղել: «Մեղու ՀԷԿ-ը հունվարի վերջին պետք է գործարկվեր: Առաջիկայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որ փորձի նաև այս ծրագիրը վերջնական տեսքի բերել: Ուշացման պատճառը մենք չենք եղել»,-ասել էր նա՝ հավելելով, որ մեղավորը ընկերություններն են, Հայաստանի կառավարությունն էլ մեղավոր չէ։
Վահե Դավթյանը համաձայնեց Իրանի դեսպանի դիտարկման հետ, թե 2 երկրների կառավարությունները համաձայն են ծրագրի իրագործման հարցում:
«Գոնե պաշտոնական օրակարգից այդ հարցը դուրս չի եկել: Իրանական իշխանությունները շատ հմտորեն օգտագործում են էներգետիկ դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, և այդ խոսակցությունները՝ Մեղրի ՀԷԿ-ի հետ կապված, ես հենց դրան եմ վերագրում»,- ասաց նա:
Փորձագետն ինքն էլ հարցադրում ներկայացրեց․ ինչո՞ւ առ այսօր, երբ Իրանն արդեն ինչ-որ չափով ազատված է պատժամիջոցներից, չի իրագործում Մեղրի ՀԷԿ-ի ծրագիրը:
«Իրականում այդ ծրագիրն ի սկզբանե նախագծվում էր Իրանի հյուսիսային բնակավայրերը էլեկտրաէներգիայով ապահովելու նկատառումներով: Այնտեղ առկա է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ: Բայց հարցը նաև նրանում է, որ վերջին տարիներին այնտեղ սկսել է էներգետիկ հզորությունների կառուցումը: Մենք գիտենք, որ առաջիկա երկու տարիների ընթացքում այդ հատվածներում, ըստ նրանց պաշտոնական տեղեկությունների, կառուցվելու է շուրջ քառասուն էլեկտրակայան»,- ասաց նա:
Հիմա Մեղրի ՀԷԿ-ի ծրագրի իրագործման հետ կապված խոչընդոտներ է ստեղծում նաև Ադրբեջանը՝ իր լոբբիստական աշխատանքով: «Հայաստանը դիտարկվում է որպես «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի» անբաժան մի մաս: Բայց հիմա հասել ենք նրան, Ադրբեջանը Իրանի և Ռուսաստանի հետ բանակցություններ է սկսել հունվար ամսին, որ «Հյուսիս-հարավը» պետք է անցնի Ադրբեջանով, այսինքն՝ ստեղծվի մեկ այլ՝ այլընտրանքային էներգետիկ միջանցք: Կարծես թե կողմերն էլ պատրաստակամություն են հայտնում»,- ասաց նա:
Վահե Դավթյանը նաև նկատեց, որ իրանական էներգետիկ շուկայում նոր խաղացողներ են ի հայտ եկել, մենք ինչ-որ չափով ուշացել ենք:
Անդրադառնալով երկու երկրների դեսպանների հավաստիացումներին, թե ՀԷԿ-ի գործարկումը շուտով իրականություն կդառնա՝ փորձագետը նշեց, որ նման հայտարարություններ տարբեր երկրների արտաքին գերատեսչություններից մշտապես են հնչում:
«Դա դիվանագիտական հռետորաբանություն է, որն ուղղված է ցույց տալու, որ երկիրը պատրաստ է համապատասխան կոնյունկտուրայի ձևավորման արդյունքում նմանատիպ քայլեր ձեռնարկել, բայց երբ խոսքը գնում է իրական տնտեսական գործընթացների մասին, ես կարծում եմ, որ այստեղ խոչընդոտներ չենք կարող չնկատել»,- ասաց նա:
Վահե Դավթյանը նշեց՝ Մեղրու ՀԷԿ-ն ի սկզբանե նախատեսվում էր գործարկել որպես Հարավային Կովկասում խոշորագույն հիդրոէլեկտրակայան, որն իր հզորությամբ կգերազանցի անգամ վրացական Ինգուրի հիդրոէլեկտրակայանին. «Անհրաժեշտ է մոտ 350 միլիոն դոլարի ներդրում, և այս պայմաններում, երբ չկա իրական դոնոր, որը պատրաստ է այսօրվա դրությամբ այդ ամեն ինչը իրագործել, հայտարարությունները վերածվում են հռետորաբանության, որը, ինչ խոսք, անհրաժեշտ է»։
2018-ից ի վեր, նրա նկատառմամբ, Իրանը փորձում է ինտեգրվել բոլոր ուղղություններով:
«Անգամ պաշտոնապես հայտարարվել է, որ էներգետիկ ինտեգրացիան Իրանի համար մոտակա հինգ տարիների ընթացքում լինելու է առանցքայինը: Հայտարարվում է, որ կարևորվում է տարածաշրջանային երկրների հետ էներգետիկ ոլորտում երկխոսությունը: Հիմա մենք տեսնում ենք այդ երկխոսությունը Հայաստանի հետ նաև Մեղրի ՀԷԿ-ի օրինակով: Բայց միշտ չէ, որ այդ երկխոսությունը բերում է իրական արդյունքներ»,- ասաց նա: