Նրան սեր էին խոստովանում Ռոստրոպովիչն ու Կուուզիկը. Զառա Դոլուխանովայի ծննդյան 100-րդ տարեդարձը հանդիսավոր կնշվի մոսկովյան «Գելիկոն օպերա»-ում
Մարտի 15-ին կլրանա խորհրդային օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Զառա Դոլուխանովայի (Զարուհի Դոլուխանյան-խմբ.) ծննդյան 100-րդ տարեդարձը, ինչը հանդիսավոր կերպով կնշվի Մոսկվայի «Գելիկոն օպերա»-ում:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, երեկոյի բացումը կտրվի հայկական ժողովրդական երգով, որը Դոլուխանովայի ամենասիրած կատարումների շարքում էր:
Տաղանդաշատ հայուհու տարեդարձի կապակցությամբ նրա մասին ջերմ ու անկեղծ հուշերով են կիսվել գործընկերներն ու սաները:
«Նրան իրենց ստեղծագործություններն էին նվիրում Պրոկոֆևն ու Շոստակովիչը, Գավրիլինն ու Թարիվերդիևը: Նրան սեր էին խոստովանում Ռոստրոպովիչն ու Կուուզիկը: Հանդիսատեսը նրան աստվածացնում էր ու լցնում համերգային դահլիճները: Նրա անունն արտաբերվում էր մեծ հարգանքով: Նա թագուհի էր և որպես թագուհի՝ վեր բոլոր կասկածներից: Նա միակն էր ու մնաց այդպիսին, նա երաժշտական Օլիմպոսի ամենավառ աստղն էր»,-նշել է երաժիշտ Ռուբեն Լիսիցյանը:
Մինչդեռ Դոլուխանովայի նախկին սան, «Գելիկոն օպերա»-ի մեներգչուհի Մարիա Մասխուլիան երգչուհուն բնութագրել է որպես մեծ երաժիշտ, ինտելիգենտ, կրթված մարդ ու տաղանդավոր նկարչուհի:
Հավելենք, որ Դոլուխանովան 1933թ. ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանը, իսկ 1957թ.՝ Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտը։ 1941 թվականին ընդունվել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն, հանդես եկել Օլգայի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Գայանեի (Սպենդիարյանի «Ալմաստ»), Զիբելի (Գունոյի «Ֆաուստ»), Դունյաշայի (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Պոլինայի (Չայկովսկու «Պիկովայա Դամա») և այլ դերերգերով։
1944թ. տեղափոխվել է Մոսկվա, նվիրվել համերգային գործունեության, եղել է Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության, իսկ 1959թ.-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատարուհի։
1949թ. Բուդապեշտում կայացած երգիչների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։
Օպերային երգչուհին մահացել է 2012թ.: