Կքննարկենք խոշոր կենտրոնների վարած քաղաքականությունը, որոնք մանևրում են ոչ միայն ՀՀ-ի, այլև ՌԴ-ի շուրջ. Կոնստանտին Կոսաչով
ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ Երևանում է:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստին հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նկատեց, որ երկու հանձնաժողովների համատեղ նիստերն ավանդական են դարձել:
«Խորհրդարանական երկխոսության այս ունիկալ ձևաչափն իր ուրույն ավանդն ունի հայ-ռուսական ռազմավարական երկխոսության մեջ: Ներկայացնելով երկու պետությունների ժողովուրդներին՝ պատգամավորները արտահայտում են ինչպես անկեղծ բարեկամական զգացում իրար հանդեպ, այնպես էլ պատրաստ են քննարկել աշխատանքային անկեղծ հարցեր: Կարծում եմ, որ ձեր այցը Երևան կնպաստի կապերի ամրապնդմանը՝ ի նպաստ ռազմավարական համագործակցության»,-ասաց Աշոտյանը և հավելեց, որ օրակարգում չորս հիմնական թեմաներ են:
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները դուրս են խորհրդարանական երկխոսությունից, իսկ նիստերին բարձրացվում են այն հարցերը, որոնք ակտուալ են, հետաքրքրություն ունեն երկու ժողովուրդների ու խորհրդարանների համար:
Նա նշեց, թե պետք է կողմերը կարողանան օգտագործել առավելագույն ներուժը՝ և՛ առանձնահատուկ հարցերի անդրադառնալով, և՛ ավելի լայն կոնտեքստում հարցեր քննարկելով:
«Մեր հանձնաժողովների աշխատանքը մտքերի փոխանակման հարթակ է, սա երկկողմ համագործակցության հարթակ է: Որևէ մեկը չի խոսում այն մասին, որ պետք է պարտադրել մյուսի դիրքորոշումը: Մենք փոխանակում ենք մտքեր մեզ շրջապատող իրադարձությունների ու հարևանների մասին ընդգրկուն ծավալով՝ հաշվի առնելով նաև խոշոր կենտրոնների ու ինտեգրացիոն կառույցների վարած քաղաքականությունը, որոնք մանևրում են ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ռուսաստանի շուրջ»,- ասաց նա:
Կոնստանտին Կոսաչովը նշեց, որ, իհարկե, կա կարիք խոսել նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին երկու երկրների համար ընդհանուր ինտեգրացիոն միավորման շրջանակներում: «Խոսքը Եվրասիական տնտեսական միության մասին է, որը հետաքրքիր ու դինամիկ զարգացող կառույց է և ունի ամենօրյա ուշադրության կարիք: ԵԱՏՄ-ն չունի խորհրդարանական հարթություն և սա էլ քննարկման թեմա է»,-ասաց նա: