Մեր երկրի համար կործանարար է, երբ ընդդիմությունը թույլ կարգավիճակ ունի. Լյուդմիլա Սարգսյան
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով վարչապետ ընտրելու իրավունքը ժողովրդի կողմից տրվեց իշխանությանը: Լրագրողների հետ զրույցում ասաց Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Վերջինս նշեց, որ չկան քայլեր, որոնցով հնարավոր է կանխել վարչապետի պաշտոնում հանրապետական թեկնածուի ընտրությունը, որովհետև Սահմանադրության պահանջը հետևյալն է՝ վարչապետն առաջադրվում է խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժի կողմից:
«Ես մեխանիզմներ չեմ տեսնում այս ամենի դեմն առնելու: Քաղաքական որոշ ուժեր փորձում են այս թեմայի շուրջ որոշակի պրոցեսներ տանել: Ես ողջունում եմ այդ ակտիվությունը, որ դրսևորվում է քաղաքական դաշտում, որովհետև այն միասնական օրակարգ չունի, և այս հարցը որոշ քաղաքական ուժերի համախմբում է: Ամեն դեպքում մարդիկ ջանքեր են գործադրում, որ ակտիվացնեն ընդդիմադիր դաշտը, բայց նախկին կարգախոսները, առաջնահերթության կետերը, որոնք ներկայացվում են իրատեսական չեն:
Քաղաքական ընդդիմադիր դաշտը չհամախմբվեց, որովհետև կարծիքները տարբեր են, ակտիվ չեն նաև նրանք, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել հանրության դիրքորոշման վրա: ՀՀԿ կողմից Սերժ Սարգսյանին առաջադրելու հանգամանքի վրա քաղաքական ուժերը ազդել չեն կարող»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
ՎՍԴՀԿ ատենապետը նկատեց, որ լավ է, որ ընդդիմադիր դաշտը ակտիվանում է, բայց Ազատության հրապարակը կարող է լցվել միայն մեկ պարագայում, երբ հարթակը լցվի նոր մտքերով, ընդդիմությունը միասնական հանդես գա, ինչի հնարավորությունն այսօր չկա:
Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության շուրջ պայքարելու հարցում ընդդիմությանը միավորելու համար, ըստ Լ. Սարգսյանի, կոչերը բավարար չեն, բանակցություններ պետք է վարել, պետք է օրակարգ ձևավորել, փոխզիջումների գնալ, կոնսենսուսի հասնել:
«Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության վրա ներազդելու որևէ հնարավորություն չունեմ: Քաղաքացին տվեց իր ձայնը ՀՀԿ-ին: Մենք գիտենք, թե ինչ կերպով դա տրվեց, ինչպես մարդիկ 10.000-ով տվեցին իրենց ձայնը և ակնկալել, որ ժողովուրդը ակտիվ կմտնի քաղաքական պրոցեսների մեջ՝ իրատեսական չէ: Մարդը փողը վերցրել է, ծախել է իր ձայնը և ներքին ընդվզման խնդիր ունի, ներքին խնդիրներ ունի խղճի հետ»,- մանրամասնեց Լ. Սարգսյանը:
Նախկին պատգամավորն ասաց, որ ժողովուրդը չի սիրում իշխանությանը, չի վստահում ընդդիմությանը, որովհետև Ազատության հրապարակում խոստումներ են տրվել, որոնք իրականություն չեն դարձել:
«Մեր երկրի համար կործանարար է, երբ ընդդիմությունը թույլ կարգավիճակ ունի»,- շեշտեց Սարգսյանը: