Կարևոր է, որ մարդիկ լսեն՝ «եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ով». ընդդիմադիրները չեն առաջարկում այլընտրանք. Լյուդմիլա Սարգսյան
Առայժմ չեմ տեսել որևէ քաղաքական ընդդիմադիր ուժ, որը, հայտարարելով այն մասին, թե երկրում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ներկայացնի նաև այլընտրանք: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Ժողովրդին պետք է ասել ճշմարտությունը, ժողովրդին պետք է ասել երկրում ստեղծված ինչպիսի իրավիճակ կա և առաջարկել մեխանիզմներ, որոնք կարող են աշխատել»,- նշեց ՎՍԴՀԿ ատենապետը:
Խոսելով «Ելքի» կողմից Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ ձևավորված գործընթացի մասին, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ինքը չի տեսնում դրա դեմ պայքարելու մեխանիզմներ: Նախկին պատգամավորը հարց հնչեցրեց. «Երբ ասվում է, որ մենք պայքարելու ենք Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, ինչո՞ւ չի ասվում, թե ում են ուզում տեսնել նրա փոխարեն: Եթե պայքարում ես մի մարդու դեմ, բայց չես նշում նրա անունը, ով պետք է լինի, այդ պայքարը ազդեցիկ չեմ համարում: Անձի դեմ պայքարում ես, բայց մեկ այլ անձ չես առաջարկում: Կարևոր է, որ մարդիկ լսեն՝ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ով»:
Նախկին պատգամավորը նշեց, որ այլընտրանքային անուն հնչեցնելով` գուցե հանրությունը փողոց դուրս գա:
«Մարդկանց համար անորոշություն է, եթե չեն ասում, թե ում են ուզում տեսնել: Դա շատ կարևոր է»,- ասաց նա՝ նշելով, թե բավարար չէ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի հիմքը դարձնել միայն նրա այն հայտարարությունը, թե ինքը չի հավակնում դառնալ վարչապետ կամ նախագահ:
«Մարդիկ հենց այնպես փողոց դուրս չեն գա: Պետք է առաջարկել այն, ինչ կարող ես անել: Տարիներ շարունակ եղել է, որ ընդդիմադիրներն ասել են այն, ինչ չեն կարող անել: Մարդիկ դա տեսնում են, որևէ մեկը չի ուզում նպաստել այս կամ այն քաղաքական ուժի ինքնադրսևորմանը»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը: