Սկսվել է Հաց Բերողի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի ներկայացումը և հանրային քննարկումը
Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի, մահվան տարելիցի կապակցությամբ, այսօր Ճարտարապետների Միության շենքում սկսվել են իր հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի ներկայացումը և հանրային քննարկումը։
Այս մասին տեղեկանում ենք Արթուր Սարգսյանի անվամբ բացված ֆեյսբուքյան էջից:
«Խնդրում ենք բոլորին, հուշարձանի հետ կապված ձեր կարծիքը թողնել մեկնաբանությունում։ Հուշարձանի նախագծի ցուցադրումը կշարունակվի մինչև մարտի 16-ը ներառյալ»,-ասվում է ֆեյսբուքյան էջում:
Ստորև ներկայացնում ենք ներկայացված նկարները:
Հիշեցնեն, որ Արթուր Ռոբերտի Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված ու արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։
2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։
Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։
2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից: 2017 թվականի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց` փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով:
Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ և, նրա փաստաբանների կարծիքով, պատճառ դարձավ մահվան։