Ստամբուլում տեղի է ունեցել հայկական պարերին նվիրված մեծ համերգ (տեսանյութ, լուսանկարներ)
Ստամբուլի «Կոնգրես» համերգային սրահում նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի հայկական հայտնի պարային խմբերից «Մարալ» համույթի և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համատեղ համերգը, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Լույս»-ը:
«Շուրջ 200 հոգուց բաղկացած «Մարալ»-ը հայկական պարային անսամբլ է, որը շարունակում է ապրեցնել ու տարածել անատոլիական և հայկական մշակույթը: Նրանք այս անգամ էլ այս մեծամասշտաբ համերգով բեմ են բարձրանում հանուն բարեկամության»,- համերգն այսպես է մեկնաբանել թուրքական Dogan TV հեռուստաալիքի թուրք մեկնաբան Ահմեդ Հաքանը:
Համերգին ներկա են գտնվել հայ, թուրք և այլ ազգերի բազմաթիվ գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Միջոցառումը լուսաբանվել է տեղի թե՛ հայկական, թե՛ թուրքական լրատվամիջոցների կողմից:
Համացանցում տարածված տեսանյութերից մեկից նաև պարզ է դարձել, որ պոլսահայերը համերգի ընթացքում սուլոցներով ու տարբեր վանկարկումներով բոյկոտել են համերգին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի ներկայությունը: