«Մենք պետք է գաղութացնենք Մարսը, Երրորդ աշխարհամարտի դեպքում գոյատևենք». Իլոն Մասկ
Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը South by Southwest համաժողովի շրջանակում խոսել է մարդկության կողմից հեռավոր Մարս մոլորակը գաղութացնելու անհրաժեշտության մասին, գրում է The Guardian-ը:
Միլիարդատերը պատմել է, որ մարդկանց համար պետք է առաջնային լինի Մարսի գաղութացումը, քանի որ Երրորդ աշխարհամարտի սկսվելու հավանականություն կա, ու այլ մոլորակի վրա հաստատվելը կարող է փրկել մարդկությանը:
«Պատերազմի սկսվելու դեպքում կարևոր է Մարսի վրա կարիքներն ինքնուրույն հոգացող կայան ունենալը: Ի տարբերություն լուսնային կայանի՝ այն հեռու կլինի մոլորակից ու, այսպիսով, ավելի մեծ է հավանականությունը, որ պատերազմի դեպքում մարդիկ գոյատևելու հնարավորություն կունենան: Եթե Երրորդ աշխարհամարտը սկսվի, մենք պետք է այնպես անենք, որ մոլորակից դուրս ինչ-որ տեղ մարդկային քաղաքակրթության բավականաչափ սերմեր լինեն՝ կրկին կյանքի վերադառնալու և մութ ժամանակների տևողությունը կրճատելու համար»,-ասել է Մասկը:
Նա հավելել է, որ Մարսի վրա գաղութ կառուցելն ահռելի գործնական ռեսուրսներ է պահանջում:
Ներկայում SpaceX ընկերությունն աշխատում է այնպիսի փոխադրամիջոցի վրա, որը կկարողանա մարդկանց Մարս հասցնել: Ենթադրվում է, որ 100 մետրանոց հրթիռը կփորձարկվի 2019թ.: Բացի այդ, Մասկը խոսել է վիճահարույց արհեստական ինտելեկտի (ԱԻ) ստեղծման մասին: Նա նշել է, որ ԱԻ-ի ներկայացրած լուրջ վտանգն իրեն հանգիստ չի տալիս ու անընդհատ մտորումների առիթ է տալիս:
«Հիշեք խոսքս՝ արհեստական ինտելեկտը միջուկային զենքերից շատ ավելի վտանգավոր է»,-ասել է գործարարը՝ հավելելով, որ դա կարող է հանգեցնել Երրորդ աշխարհամարտի սկսվելուն ու հետևաբար՝ դեպի Մարս գաղթելուն: