Հռոմի պապի ու Էրդողանի հանդիպման առանցքային թեման Երուսաղեմի հարցն էր. հայտնի են դարձել հանդիպման որոշ մանրամասներ
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումն անցել է բարիադրացիական մթնոլորտում, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը՝ հղում անելով Վատիկանի մամուլի դիվանին:
Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ, ինչպես նաև Թուրքիայում կաթոլիկ համայնքի վիճակի ու կարիքների մասին որոշ հարցեր:
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանցիսկոս Առաջինն ու Էրդողանը հատկապես առավել լուրջ ժամանակ են հատկացրել Երուսաղեմի շուրջ ստեղծված ճգնաժամի մանրակրկիտ քննարկմանը:
Հիշեցնենք, որ այսօր Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապի և Էրդողանի դռնփակ հանդիպումը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկանում Հռոմի պապի հետ փետրվարի 5-ին կայանալիք հանդիպումը կարող է օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար։ Այս կարծիքն էր մասնավորապես հայտնել Regnum լրատվական գործակալության եկեղեցա-քաղաքական նյութերի գլխավոր խմբագիր Ստանիսլավ Ստրեմիդլովսկին:
Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին նման այցն է Վատիկան 59 տարվա դադարից հետո: Իսկ Հռոմի պապը Թուրքիա էր այցելել 2014 թվականին: