Լևոն Սարգսյանը չի կարող առաջադրվել որպես տնօրենի թեկնածու. Մատենադարանի տնօրենի խորհրդական
Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված Լևոն Սարգսյանը չի կարող առաջադրվել որպես Մատենադարանի տնօրենի թեկնածու. Tert.am-ի հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերով Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը:
«Լևոն Սարգսյանը չի կարող, որովհետև հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ հոգաբարձուների խորհուրդը մեր գերագույն մարմինն է: Այսինքն՝ իրենք են որոշում հիմնարկի առաջնահերթությունները և իրենց որոշումները բոլորի համար պարտադիր են, իսկ կառավարիչը հաշվետու է հենց հոգաբարձուների խորհրդին»,-ասաց նա:
Գասպարյանի խոսքով, ոչ միայն Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը, այլ խորհրդի կազմից որևէ մեկը չի կարող առաջադրել իր թեկնածությունը: Ըստ այդմ էլ՝ Վահան Տեր-Ղևոնդյանը, ով տնօրենի պաշտոնակատարն է, կառաջադրի իր թեկնածությունը:
«Ցանկացած մարդ, ով համապատասխանում է կառավարչի չափանիշներին, կարող է դիմել և մասնակցել ընտրություններին, իսկ քվեարկությունը հոգաբարձուներն են կատարելու»,-ասաց նա: