Ես եմ որոշել. Սեֆիլյանի գործով փորձագետը կրակված փամփուշտները ետ չի վերադարձրել, պաշտպանները կասկածում են, որ զենքերը փոխվել են
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով այսօրվա դատական նիստին հարցաքննվեց Պողոսյանը:
Հրայր Թոփչյանի մոտից հայտնաբերված երկու ինքնաձիգերի և 120 փամփուշտների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը տվել է հենց Պողոսյանը:
Հրայր Թոփչյանի պաշտպանը հարցեց, թե եթե հիմա փորձագետին ներկայացվեին այդ ինքնաձիգերը, կարո՞ղ էր հասկանալ, որ դրանց բաղկացուցիչ մասերը հենց այն մասերն են, որոնք ներկայացվել և հետազոտվել են դատարանում, փորձագետն ասաց. «Այո, քանի որ հիմնական մասերի վրա կան արտադրության համարներ: Մյուս դետալները փոփոխվող են և կրակման մեխանիզմի հետ կապ չունեն»:
Հարցին`ինչպե՞ս վստահ լինեն, որ այդ ինքնաձիգերը դատարան են հասել առանց փոփոխության, զենքերը չեն փոխվել, փորձագետն ասած, որ եզրակացության մեջ կան լուսանկարներ, դրանում նշված են նաև հիմնական դետալների սերիական համարները, իսկ դետալներն առանձին-առանձին են նկարվել, որովհետև միասին նկարել հանրավոր չէ:
Պաշտպանի հարցին, թե Հրայր Թոփչյանը պնդում է, որ դատարանում ներկայացված փամփուշտները նույնը չեն, որոնք հայտնաբերվել են իր մոտ, փորձագետը պատասխանեց, որ փամփուշտները ևս անհատականացված տվյալներ ունեն:
Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հարցին, թե փորձաքննության ժամանակ փորձագետը հիմք է ընդունել 1967 թ-ին հրատարակված գրականություն, ի՞նչ մեթոդիկա էր նշված 1967 թվականի գրքում, որը կիրառվել է 1981 թվականին արտադրված ինքնաձգի համար, փորձագետն ասաց. «Թե 1967, թե 1981-ին արտադրված ինքնաձիգերի համար մեթոդիկան ընդհանուր է, անհատական չէ»:
Հարցին` ի՞նչ իրավական ակտով կամ կանոնակարգով է փորձագետը ղեկավարվել, երբ որոշել է 20 կրակված փամփուշտները հետ չվերադարձնել, փորձագետ Պողոսյանն ասաց. «Քանի որ հետ վերադարձնելու կարգ չկա, ես չեմ վերադարձրել: Ես ինքս եմ այդպես որոշել»:
Դատական նիստը շարունակվում է: