Նալբանդյանն ու Մամեդյարովը սկզբունքորեն համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնմանը. ՄԽ համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Կրակովում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով: Հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները հունվարի 18-ին համատեղ հանդիպում են անցկացրել երկու արտգործնախարարների հետ:
Նախարարները և համանախագահները քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը նպաստելու համար անհրաժեշտ քայլերը: Արտգործնախարարները սկզբունքորեն համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնումն իրականացնելու հարցով համանախագահների վերանայված հայեցակարգային փաստաթղթին՝ այն հնարավորինս շուտ ավարտին հասցնելու մտադրությամբ:
«Հանդիպման ընթացքում կողմերը և համանախագահները կարծիքներ են փոխանակել այժմ բանակցային սեղանին առկա աշխատանքային առաջարկներում հիմնական զգայուն հարցերի վերաբերյալ: Համանախագահները նաև կոչ են արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար՝ որպես կարևոր ներդրում բանակցային գործընթացում: Նախարարները և համանախագահները փաստել են շփման գծում հարաբերական անդորրի մասին, համանախագահները կոչ են արել կողմերին ամրապնդել այդ դրական միտումը»,- ասված է հայտարարությունում:
Համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել փետրվարի սկզբին:
Հիշեցնենք, որ երեկ Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։
Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Նալբանդյանը կոչ է արել Ադրբեջանի իր գործընկերոջը հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերն անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։