Սերը տարիք չի հարցնում. տարեց զույգը ծանոթացել և ամուսնացել է տուն-ինտերնատում (տեսանյութ)
Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում կողք կողքի, որպես հարևաններ բնակվելուց հետո, տարեկիցներ` 73 ամյա Վալերա Թորոսյանն ու Արաքսյա Հակոբյանը որոշել են զույգ դառնալ ու ամուսնացել են ինչպես հարկն է` բոլոր հայկական ավանդույթներով:
Tert.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, որ պսակադրությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Ապրում ենք իրար հետ հաշտ ու համերաշխ: Երրորդ հարկում էինք, կողք կողքի դռներ էին, հարևանների էինք, այնտեղ շփվեցինք ծանոթացանք ու որոշեցինք միանալ համատեղ ապրել , դիմեցինք տնօրենին չմերժեց: Երկու շաբաթ անց, այն ժամանակ սենյակ չկար, ասաց հենց առաջին տարբերակ եղավ, ուրեմն գիտեցեք ձերն է: Օգոստոս ամսից ապրում ենք արդեն այս սենյակում` առանձին»,-ասաց Վալերա Թորոսյանը:
Կնոջ` տիկին Արաքսյայի կյանքում սա առաջին ամուսնությունն է, ապագա փեսային բարեկամների կողմից հավանության արժանանալուց հետո է միայն համաձայնության նշան տվել, Tert.am-ին պատմեց նա:
«Ինքը լուսամուտի մոտ կանգնած էր, դուրս եկա օդափոխվեմ, կողք կողքի էինք էլի ոնց որ, մեկ էլ կանգնած էինք, խոսեց իմ հետ,ես էլ ասեցի, որ մինչև քրոջս աղջիկներին չասեմ ես քո հետ չեմ համաձայնի: Քրոջս աղջիկները եկան իմ ծննդյան օրը, տեսան, ասեցին մորքուր ջան շատ լավ մարդ է, իրար համապատասխանում եք ու տենց էլ ինքը ասեց, ես էլ համաձայնեցի»,-պատմեց տիկին Արաքսյան:
Այս տարին զույգի առաջին նոր տարին էր միասին, որն անցկացրել են ինչպես հարկն է: Նախապես առևտուր են արել, տոնական սեղան պատրաստել, թեև հարազատներից էլ հրավեր ունեցել են միասին անցկացնելու, բայց նախընտրել են երկուսով լինել:
«Լավ կլինի, լավ, Արաքսյա ջան, աշխարհը մեծ է :Փորներս կուշտ, տեղներս տաք ապրում ենք»,-դիմելով կնոջն ասաց Վալերա Թորոսյանը:
Մանրամասները`տեսանյութում։