Շուշան Պետրոսյանի տարեմուտի մաղթանքները՝ վերադարձնել սերը, ապրել առանց նեգատիվի և չառաջնորդվել բացառման սկզբունքով
Ինձ համար բոլոր ժամանակներում մեկ կարգախոս կա՝ վերադարձնել սերը և չառաջնորդվել բացառման սկզբունքով. Tert.am-ի հետ զրույցում տարին ասաց ՀՀԿ պատգամավոր, վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը:
«Նեգատիվ ուղղակի պետք չէ ապրել, երբ դեռ չլսած, արդեն ասում ես` չէ, մինչև վերջ չմտածելով` ասում ես չի ստացվի: Եվ հետո խնդրում եմ, տրիվիալ արձագանքներ թող չլինեն, թե ինչ կա, ինքը պատգամավոր է, ես ձեր նման սովորական քաղաքացի եմ, պատգամավորությունն էլ շնորհք չի, աշխատանք է հավելյալ, և շատ դժվար աշխատանք է»,-ասաց նա:
Շուշան Պետրոսյանի ցանկությունն է, որ բոլորն առողջ լինեն, սահմանն էլ խաղաղ լինի: «Ուզում եմ սովորական շարքային տրիվիալ թրքություն չտեսնեմ՝ ասենք, ոնց են տոն հարամում հունվարի 1-ին, ապրիլի 24-ին ուրախանում, հունվարի 28-ին մատաղ անում: Հեքիաթը, որն իմ մեջ երբեք ոչինչ չի սպանում, ուզում եմ, որ իսկապես պստլիկ նովելներ դառնան տարվա ընթացքում, որ ամեն մի հեքիաթի հերոսը, որին ես հավատում եմ կամ իրավիճակը, որն ինձ համար հաճելի է, դառնա իրականություն, որովհետև իմ հայրենիքը շատ եմ սիրում, իսկ դա խոսքով չես ասի, պետք է նաև ապրել»,-ասաց նա:
Պատգամավորի խորհուրդն է` բարի լինել: «Չարությունը թույլ մարդու մենաշնորհ է, դրա կարիքը չկա, ավելի լավ է փորձենք նոր թերթից, զրոյից մաքուր, ազնիվ ապրել»,-ասաց նա:
Շուշան Պետրոսյանն անկեղծանում է` ինքը չափազանց շատ է սիրում ամանորյա տոները և հատուկ էլ պատրաստվում է տոնին, և հավատում ու երեխաների հետ սպասում հրաշքներին: «Մեր բախտը բերել է, որ Ձմեռ պապիկը երբեք մեզ չի մոռանում: Ասում են` հրաշք եղավ, չլինելու գործ էր, բայց եղավ, բա է՞լ ոնց է լինում հրաշքը, պետք է հավատաս ու անկեղծ տոն պարգևելու ցանկություն ունենաս բոլորին»,-ասաց նա:
Տոներին երգչուհին խոհանոցում էլ ինչպես ինքն է ասում՝ « մոգություններ է անում»: «Կերակրատեսակներ կան, որ միշտ սպասված և սիրելի են, ոչ միայն ընտանիքիս անդամների, այլ նաև հյուրերի ու ընկերների կողմից, բայց նաև ես ամեն տարի փորձում եմ նոր բան անել»,–ասաց նա:
Տարեմուտին միայն մեկ վախ ունի, ուզում է սահմանին խաղաղ լինի. «Վախենում եմ հանկարծ չհարամեն: Աբովյան փողոցի անդորրը կախված է սահմանի խաղաղությունից ու ապահովությունից: Երկիրը պետք է խաղաղ լինի»։
Պատգամավորը նաև ամփոփեց իր աշխատանքները և անելիքները: «Աշխատանքս մեծ առումով չի փոխվել, ի պաշտոնե մնացի պատգամավոր և, բնականաբար, ինչ սկսել եմ նույն ոգով, տեմպով, ռիթմով շարունակելու եմ: Լիքը լավ գործեր հասցրել եմ անել, ծրագրեր կյանքի կոչել, մի մասն էլ պատրաստ է, և մնում է «փռում դնել, եփել», որ արդյունքները տեսնվի»,-ասաց նա:
Շուշան Պետրոսյանը նշեց, թե ծրագրերից մեկը Ծննդյան տոնի համերգն է Ստեփանակերտ քաղաքում: «Անցյալ տարի Արցախը մռայլ էր, տխուր էր Ստեփանակերտը, որն ինձ համար անընդունելի է, այն ոգին, որով իրենք են ապրում, պետք է ողողել լույսով, գույնով, ուրախությամբ: Որոշեցի, որ, անպայման, պետք է լինի ամանորի համերգ` հունվարի 6-ին, Ստեփանակերտի հրապարակում»,-ասաց նա:
Պատգամավորը Մարտակերտ է ուղարկել 20 դպրոցների առաջինից չորորդ դասարանի երեխաների համար ամանորյա նվերներ: «Դիմեցի «Գրանդ Քենդիին», ընդառաջեցին և 1437 երեխա պետք է ստանան այդ նվերները: Բացի այդ, ևս 100 երեխաների էլ կուղարկենք արդեն ՀՀ սահմանամերձ Վազաշենի դպրոցի երեխաներին»,-ասաց նա: