Սեդրակ Մամուլյանը վերականգնում է 9-րդ դարի Անիի Բագրատուների արքունական խոհանոցի բաղադրատոմսերը
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը վերականգնում է և ծրագրում է մինչև գարուն վերականգնել Բագրատունյաց իշխանության օրոք մայրաքաղաք Անիի ամանորյա-ծիսական և արքունյաց խոհանոցի մի շարք բաղադրատոմսեր: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում հայտնեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, արդեն 37տարի որպես խոհարար աշխատող Սեդրակ Մամուլյանը:
«Կավարտենք գարնանը, մոտ 50 կերակուրի մասին է խոսքը: Եվ դրա հետ միասին կլինի նաև բանահյուսական նյութ, պատմական, ազգագրական, կտպագրենք, և այդ խոհանոցն ամբողջությամբ կամրագրենք»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:
Անիի բաղադրատոմսերի համար կազմակերպության խոհարարները օգտվում են Մատենադարանում, Երուսաղեմի պատրիարքարանում պահվող մատենագրական նյութերից: Ի դեպ, շատ նյութեր գալիս են նաև բժշկագրերի հետ միասին:
Զուգահեռաբար, վերականգնվում են նաև Կիլիկյան Հեթումյան արքայատոհմի ժամանակների կերակրացանկը:
Ինչ վերաբերում է Անիի 50 կերակրատեսակներին, ապա ամենահայտնին, ըստ Սեդրակ Մամուլյանի, ականջապուրն է: Այն մսաջրի մեջ խաշված ականջանման եփված խմորներ են:
«Պարզ ասած՝ պելմեններ են, և դրան լցնում են ոսկորի արգանակի մեջ, ավելացնում են հատուկ համեմունք կա, կոչվում է խուռութ, էս խուռութը պատրաստում են 40 օր թթվեցրած կաթից, 40 օր եռացրած կաթը թթվեցնում են, ամեն օր 5 տոկոս ավելացնում են թարմ կաթ, խառնում են, 40-րդ օրը եռացնում են, այդ կտրված զանգվածը նորից քամում են, ավելացնում են աղացած մաղադանոս, աղացած թարխուն, քայարուզ, ապա այն ջերմամշակման են ենթարկում և չորացնում են` չորաթանի նման»,-բաղադրատոմսի պարունակությունը ներկայացրեց Սեդրակ Մամուլյանը:
«Սա նաև ծիսական կերակուր է, քանի որ այդ մեծ ապուրով կաթսայի մեջ, լինում է մի կտոր միս՝ առանց խմորի, որն էլ ում ընկնում է, համարվում է, որ գալիք տարում նրան հաջողություն պետք է սպասի՝ դովլաթ պետք է լինի»,-ասաց նա:
Անիի մյուս հռչակավոր կերակուրը շրբանն է: «Այն գառան ստամոքս է, որը չորացնելուց հետո օգտագործվել է ինչպես պանրի համար պեպսին ստանալու, այնպես էլ որպես նախուտեստ: Այսինքն՝ գառան ստամոքսի մեջ լցոնվում է խոզի, մսի և տավարի միս, և տապակվելուց հետո դրվում տոնական սեղանին՝ որպես նախուտեստ»,-ասաց նա:
Անիի աղանդերներից է գետնանուշով, բողկով և մեղրով պատրաստված ուտեստը:
Ինչ վերաբերում է հարցին, թե որոնք են հայ ավանդական խոհանոցի՝ ամենահայտնի արքունական կերակուրները, ապա Սեդրակ Մամուլյանը նշեց, որ դա ամիչն է, որը Արշակունիների պալատում ամենատարածված և հարգված ուտեստներից է եղել: «Սա ձավարեղենով կամ մրգերով, չրերով լցոնված և թոնրում կարմրացրած հնդկահավ է»,-ասաց նա:
Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ հայ արքունական խոհանոցի բաղադրատոմսերի հիմնական մասը կորսված է, չնայած դրան ընկերության ներկայացուցիչները փնտրում են ու հավաքագրում: