Արցախի համար թիվ 1 մարտահրավերը անվտանգության հարցն է, նոր սպառազինության ձեռք բերումը կենսական նշանակություն ունի մեզ համար. Հայկ Խանումյան
2017 թվականը հայկական զույգ հանրապետություններում քաղաքական առումով հիասթափությունների տարի էր. Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով անցնող տարին՝ ասաց Արցախի Հանրապետության ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը՝ առանձնացնելով Արցախում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունները և ՀՀ-ում՝ խորհրդարանական ընտրությունները:
«Արցախում Սահմանադրության փոփոխությունը, որը տեղի ունեցավ աֆրիկյան ու միջինասիական հակաժողովրդավարական ռեժիմներին հատուկ ոճով, քաղաքական համակարգը ոչնչացնելու լուրջ փորձ էր և վստահաբար խիստ բացասական է անդրադարձել հանրության սպասելիքների վրա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ապա նա ասաց, որ այն նույնպես ցույց տվեցին հանրության հիասթափությունը քաղաքական գործընթացներից և հասարակության անզորությունը որևէ բան փոխելու:
«Սա նույնպես լրջագույն մարտահրավեր է պետականաշինության տեսանկյունից»,-ասաց նա:
Արցախում տարվա բացասական իրադարձությունը, ըստ Խանումյանի, բացի Սահմանադրության փոփոխությունից, նաև «Բակո Սահակյանի նախագահության երրորդ ժամկետի գնալն էր»:
Դրական ձեռքբերումը, ԱՀ ԱԺ պատգամավորի կարծիքով՝ «պղնձի համաշխարհային գների 24 տոկոս աճն էր»: «Հենց այս աճն էր, որ լրացուցիչ գումարներ բերեց նաև Արցախի բյուջե»,-ասաց նա:
Թե որոնք են, ըստ պատգամավորի, եկող տարվա մարտահրավերները, Հայկ Խանումյանը նշեց, թե դրանք վերջին տարիներին քիչ են փոխվել: «Առաջինն անվտանգության հարցերն են: Պաշտպանական համակարգերի զարգացումը, նոր սպառազինության ձեռք բերումը կենսական նշանակություն ունի մեզ համար»,-ասաց նա:
Երկրորդը, նրա խոսքով, Արցախում սպասվելիք տեղական ինքնակառավարման մասին օրենքի փոփոխությունն է:
«Տեղական ինքնակառավարման համակարգում առանցքային փոփոխություններ են լինելու: Կախված ընտրված մոդելից՝ Արցախը կա՛մ կդառնա ավելի ավտորիտար երկիր, կա՛մ փորձ կկատարվի ինչ-որ չափով փրկել քաղաքական համակարգը»,-նշեց նա: