Արցախյան հիմնախնդրի կարգավորման մոտեցումը պետք է փոխվի. հարկավոր է ջանքերն ուղղել Արցախի ճանաչման ուղղությամբ. Մանվել Սարգսյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ամենահարմարն է արցախյան հիմնախնդրի կարգավորման համար, «աշխարհի տեր ու տիրականներն» են այնտեղ հավաքվել: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ առավել ևս ԵԱՏՄ-ն հիմնախնդիրը լուծող չեն: Բացի դրանից`նա նշեց, որ ձևաչափը փոխելն էլ լուրջ գործընթաց է և միանգամից դա անել հնարավոր չէ:
«Հիմնախնդրի կարգավորման մոտեցումը պետք է փոխվի: Ժամանակին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունվեցին բանաձևեր, հետո սկզբունքներ, որոնք դրվեցին կարգավորման գործընթացի հիմքում: Այդ ժամանակվանից մինչ հիմա ոչինչ չի փոխվել, մի կարևոր հանգամանքից բացի, որ 2007 թվականին արդեն ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչել է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ձևակերպել այդ մասին»,- ասաց նա:
Մանվել Սարգսյանի նկատառմամբ՝ միջազգային հանրությունը կոնսենսուսի եկել է արցախյան հիմնախնդրի կարգավորման ձևաչափի շուրջ, սակայն այս տարիների ընթացքում Ադրբեջանն է, որ չի ընդունում առաջարկված կարգավորման սկզբունքները: «Ադրբեջանը չի ցանկանում, որ այդ սկզբունքների վրա լուծվի խնդիրը: Ադրբեջանը պատերազմել է և կորցրել է տարածքներ, որոնք ցանկություն ունի ներգրավել իր պետության մեջ: Առաջարկվող սկղբունքներով, սակայն, առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ճանաչել, սակայն ինչո՞ւ պետք է դա անի Ադրբեջանը»,- իր տարակուսանքը հայտնեց քաղաքագետը:
Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը փորձում է տապալել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը, Մանվել Սարգսյանը նկատեց՝ Ադրբեջանը պարզապես խոսում է սպառնալիքի լեզվով: «Նա փորձում էր հասկացնել, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը պարտադրի եղած սկզբունքները, ապա ինքը կհրաժարվի այդ ձևաչափից: Բայց Ադրբեջանն էլ շատ շուտ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո հասկացել է, որ իրենք ի վիճակի չեն ինչ-որ բան անել: Ադրբեջանի միակ խնդիրը հիմա իր իրավունքն իր ձեռքը պահելն է: Միջազգային հարաբերություններում տարածքները ճանաչված են որպես ադրբեջանական, և հիմա Ադրբեջանը փորձում է իր այդ իրավունքը պահել»,- ասաց նա:
Մանվել Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է փոխի իր մոտեցումը և ջանքերն ուղղի Արցախի ճանաչման ուղղությամբ: «Պետք է Արցախը ճանաչվի այլ երկրների կողմից, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն երկրների միջև, թող Ադրբեջանն ինչքան ուզում է՝ գոռա: Մենք պետք է անենք նույնը, ինչ Կոսովոյի դեպքում եղավ,- ասաց նա՝ նկատելով, որ այս հարցին շատ անլուրջ է վերաբերում ՀՀ-ն ,- Հայաստանի քաղաքական ուժերը միակն են երկրագնդի վրա, որոնք երբեք լուրջ չեն վերաբերում այս հարցին՝ համոզված լինելով, որ իրենք հանճար են: 25 տարի է, նրանք ոչինչ չեն անում այդ ուղղությամբ»,- ասաց նա: