Ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների հիմնական մասը գլխավորում են հենց Ադրբեջանի ամենախոշոր օլիգարխները. ադրբեջանագետ
Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայրենիքի հետ կապերը ամրապնդելու՝ աշխարհի ադրբեջանցիներին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոչին՝ ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն ասաց, որ այն բազմաշերտ հայտարարություն է:
«2018 թվականը Ադրբեջանի համար ներքին առումով լինելու է մարտահրավերային տարի, որը արտաքին դաշտում արտահայտվելու է, և հնարավոր է՝ հենց արտահայտվի առաջնահերթ ղարաբաղյան խնդրի առումով: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանում եղած ներքին խնդիրները միանագամից արտացոլվում են սահմանին` սադրանքների միջոցով, իրավիճակի սրման փորձերի առումով։ Նման պայմաններում Ալիևի համար շատ կարևոր է, որ արտաքին աշխարհում լոբբիստական գործունեություն ծավալող ադրբեջանցիները հենց իր գործունեությունը սատարեն: Այսինքն՝ եթե Ալիևն ինչ-որ նախաձեռնողականությամբ հանդես գա, կամ հենց ղարաբաղյան ճակատում իրավիճակի էսկալացիայի դիմի, ինքը ցանկանում է համոզված լինել, որ աջակցություն է ստանալու»,-ասաց նա:
Նշենք, որ Azatutyun.am-ը գրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել աշխարհի ադրբեջանցիներին ամրապնդել կապերը հայրենիքի հետ և համերաշխություն ցուցաբերել համազգային նպատակներին հասնելու գործում:
Ադրբեջանագետը նշեց, որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների հիմնական մասը գլխավորվում են հենց Ադրբեջանի ամենախոշոր օլիգարխների կողմից և սպասելի համարեց Ալիևի այդ կոչը:
«Ադրբեջանի իմիջը հատկապես Եվրոպայում շատ խարխլված է և շատ խնդիրների ունի: Ներկայումս Ադրբեջանում ջանքեր են գործադրվում իմիջը վերականգելու համար»,-ասաց նա:
Տաթև Հայրապետյանը նաև նկատեց, որ Ադրբեջանում բացասաբար վերաբերվեցին Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանը և փորձում են ներքին լսարանին ներկայացնել, որ իրենք էլ են աշախտում համագործակցության խորացման շուրջ:
Ադրբեջանագետն ասաց, որ միշտ էլ ադրբեջանական կողմը ցանկություն ունեցել է ներկայացնել, որ ինքը լոբբի ունի, թեև հսկայակական տարբերություն կա հայկական և ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների միջև` սկսած նախապատմությունից: