Համեմատաբար էժան խաղալիքների շուկայում թանկացում կա. Բ. Պիպոյան
Այս տարի մեր թիրախը խաղալիքների շուկան էր, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պապոյանը՝ անդրադառնալով նախատոնական օրերին խաղալիքների շուկայում գների ուսումնասիրությանը:
«Խաղալիքների շուկայում որոշակի էժան ապրանքատեսակների վրա մի փոքր գնային թանկացում ունենք, որոշ ապրանքների վրա՝ մի փոքր նվազում, որովհետև խաղալիքների շուկայում մրցակցությունը բավական մեծ է երկրում։ Այն ապրանքները, որոնց գնումները շատ են, որոշակի զեղչեր ունեն. Ամանորից առաջ մրցակցող ընկերությունները հոսքերի ապահովման խնդիր ունեն»,-ասաց Բաբկեն Պապոյանը:
Նրա խոսքով համեմատաբար ավելի էժան խաղալիքների դեպքում փոքր-ինչ գների բարձրացում կա:
«Այն ապրանքը, որը կարելի էր ձեռք բերել 1800 դրամով, հիմա 2200 դրամով կարելի է ձեռք բերել, բայց միաժամանակ չեմ կարող չնկատել, որ 12 հազար դրամանոց խաղալիքներ կան, որ այս պահին 9-10 հազարով են վաճառվում»,-ասաց Բաբկեն Պապոյանը:
Պիպոյանի խոսքով՝ ոչ պարենային ապրանքների շուկայում ամենակարևոր խնդիրը սերտիֆիկատների առկայությամբ անվտանգության երաշխիքի ապահովումն է, ինչն ըստ նրա այս պահին արված չէ համապատասխան մարմինների կողմից:
Պիպոյանի կարծիքով՝ նախատոնական օրերին վաճառվող տարատեսակ պայթուցիկ խաղալիքների, ճայթուկների շուկան հատկապես ունի վերահսկողության կարիք:
«Հսկողությունը դրա հետ կապված իրականացնում է ԱԻՆ-ը, ոչ թե շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Մի խումբը հրավառություններն են, որոնք լիցենզավորվող են, մյուս խումբը դրսում օգտագործելու ոչ լիցենզավորվող ապրանքներն են, որոնք ավելի փոքր ծավալների են, բայց ցավալին այն է, որ մեր երկրում սրանց նկատմամբ պատշաճ վերահսկողություն չկա: Անգամ որոշ պայթուցիկ նյութերի վրա տարիքային սահմանափակում չկա, որ տարիքի երեխան պետք է օգտագործի: Երբեմն բացակայում է նաև հայերեն մակնշումը, որը հնարավորություն կտա ծնողին հասկանալու, թե ինչպիսին է օգտագործման կարգը»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:
Վերջինիս կարծիքով ռիսկերն այս առումով շատ են, քանի որ պայթուցիկ նյութերն ունեն պահպանման պայմաններ, երբ խոնավանում են, չոր վայրում պահպանված չեն, դրա վտանգավորության ռիսկը կրկնապատկվում է։ Իսկ սեփական ուսումնասիրություններն այս տարի, Պիպոյանի խոսքով, իրենք սկսել են ավելի ուշ՝ դրսում այսպես կոչված վտանգավոր խաղալիքների վաճառքի հետքերով:
«Մենք ուսումնասիրություններն ամեն տարի սկսում էինք դեկտեմբերի 15-ին, բայց այս տարի դեկտեմբերի 15-ի շրջայցերի ժամանակահատվածում փողոցներում դրա վաճառքը էականորեն նվազած էր: Այդ պատճառով, որպեսզի նույն աշխատանքը երեք, չորս անգամ մենք չիրականացնենք, դա թողեցինք իրականացնելու վերջին օրերի ընթացքում, երբ այդ ապրանքները կհայտնվեն փողոցներում, և մենք մի քանի ահազանգ կստանանք: Մինչև դեկտեմբերի 22-ը ներառյալ բացօթյա վայրերում շատ ավելի քիչ էր վաճառքը, հիմնականում խանութների ներսում էր»,-ասաց նա:
Պիպոյանի խոսքով՝ երեկ երեկոյան առաջին շրջայցերն են սկսել մայրաքաղաքում՝ փողոցներում ու նաև խանութների ներսում, որոնց արդյունքները պարզ կդառնան առաջիկայում: