Եթե Եվրամիությունն ու Ռուսաստանը պատրաստ լինեն փոխզիջման, կարող են ունենալ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ցանկանում են. գերմանացի պատգամավոր
Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ունեինք անցյալում: Այս մասին հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը:
Նա նշեց, որ իրենք ցանկանում են, որպեսզի Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներին վերջ դրվի: Եվ որպեսզի պատժամիջոցներն ավարտվեն ու հարաբերությունները կարգավորվեն, ըստ Վայլերի, պետք է երկու կողմերն էլ այդ ուղղությամբ քայլեր նախաձեռնեն:
«Երկու կողմերից սրա համար պետք է որևէ բաներ արվեն: Կարծում եմ, մենք չպետք է ընդհատենք մեր բանակցությունները, պետք է շարունակենք խոսել իրար հետ, որ հարաբերությունները դառնան այնպիսին, ինչպիսին անցյալում էին: Մենք լավ ճանապարհին ենք գտնվում, բայց որոշ տեղերում կան խնդիրներ: Խնդիր կա Ուկրաինայի պատճառով: Այս պատճառով չի վերանում լարվածությունը մեր երկրների միջև: Ես շփվում եմ ռուս պատգամավորների հետ ու համոզված եմ, որ եթե կառուցողական մոտեցում դրսևորենք, պատրաստ լինենք փոխզիջման, կարող ենք ունենալ հարաբերություններ, ինչպիսին ցանկանում ենք»,- նշեց Ալբերտ Վայլերը:
Խոսելով Թուրքիայի հետ Գերմանիայի հարաբերությունները մասին՝ պատգամավորն ասաց, որ դրանք շատ լարված են: «Թուրքիայի նախագահ Էրդողանը շատ բան չի անում, որ վերացնի այդ լարվածությունը: Գերմանիայում ապրում է մի քանի միլիոն թուրք, որոնք ազգականներ ու բարեկամներ ունեն Թուրքիայում ու սա ազդում է նաև նրանց վրա: Մենք միակողմանի մտադիր չենք զիջել թուրքերին, թույլ չենք տա այնտեղ գերմանացիներ բանտարկեն անարդարացի ձևով, մենք սա չենք հանդուրժի, մենք սա չենք ընդունի և ամեն ինչ կանենք, որ նման գործողությունները դադարեն»- շեշտեց պատգամավորը:
Վայլերը հույս հայտնեց, որ Թուրքիայի նախագահը կհասկանա սա, որ անհրաժեշտ է նպաստել հարաբերությունների բարելավմանը: Նա նշեց, որ թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորման համատեքստում օգտակար են Ռուսաստանի հետ հարաբերությունները: