Եթե թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության այս կորը համընկնի 2018-ի ապրիլին, չեմ բացառում, որ Թրամփը ճանաչի Հայոց ցեղասպանությունը. քաղաքագետ
Չի կարելի բացառել, որ էքսցենտրիկ պահվածքով առանձնացող Դոնալդ Թրամփը, ում պաշտոնավարման 1 տարում գրեթե թշնամականի վերածվեցին թուրք –ամերիկյան հարաբերությունները, լարվածության կորի ամենաբարձր կետում վերցնի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Սա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքն է, ով Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ չի բացառվում նաև պարզապես «Հայոց ցեղասպանություն» եզրի արտաբերումը ապրիլի 24-ին՝ Էրդողանին հնարավորինս ուժեղ ցավեցնելու նպատակով, ինչպես նա դա արեց Երուսաղեմը հրեաների մայրաքաղաք ճանաչելու իր աղմկահարույց հայտարարությամբ:
«Եթե, իհարկե, թուրք-ամերիկյան հարաբերությունները զարգանան այս հեռանկարով և չլինի որևէ փոփոխություն, սա հնարավոր է։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ հունով կզարգանան այդ հարաբերությունները մինչև ապրիլ»,– նշեց Սաֆարյանը` ուշադրություն հրավիրելով մեկ այլ հարցի վրա.
«Հայ-թուրքական հարաբերությունների թեման նորից տարբեր առանցքներով ակտիվացել է, և, ըստ էության, Իսրայելը փորձեց Թուրքիային հիշեցնել դրա մասին։ Իրենց պատգամավորներից մեկը, որը տարիներ շարունակ Կնեսեթում այս հարցը բարձրացրել է, այժմ, օգտագործվելով այս ճգնաժամային պահը, սպառնաց դա քննարկման դնել Կնեսեթում: Եվ չմոռանանք, որ Էրդողանը փորձում է դրոշակակիր դառնալ տարածաշրջանում հակաամերիկյան տրամադրությունների մասով: Իհարկե, այլ ասպեկտով նա փորձում է դառնալ իսլամական աշխարհի «հայրը»-ը, բայց, մյուս կողմից էլ, նա փաստացի ստանձնել է ամերիկյան նախագահի դեմ կոմպանիայի առաջնորդի դերը և դրանում փորձում է ներգրավել բոլորին` Ադրբեջանի նախագահին, Մերձավոր Արևելքի երկրներին»:
Ստյոպա Սաֆարյանն այս համատեքստում նկատեց, որ Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը ոչ միայն Իսրայելի «մասին» է, այլև՝ Իրանի, և նպատակ ունի կանխել այս երկրի ծավալումը մահմեդական աշխարհում` հատկապես, երբ Սիրիայում ռուսական գործողությունների արդյունքում երկարաժամկետ կտրվածքով ամրապնդվել են Իրանի դիրքերը:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ 2 երբեմնի դաշնակից պետությունների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերություններում վերջերս հասունացած աննախադեպ դիվանագիտական սկանդալը հանգուցալուծման որևէ նշաններ չի ցուցաբերում: Նախ` մոտ մեկ ամիս առաջ Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարեց, թե դադարեցնում է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին, ապա ժամեր անց նույն քայլին դիմեց Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը: Սրան նախորդել էր այն, որ Էրդողանի վարչակազմը ձերբակալել էր Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին՝ լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով: Սրան գումարած՝ Անկարան չի ընկրկում և շարունակում է Վաշինգտոնից պահանջել իրեն արտահանձնել Նահանգներում ապաստանած Ֆեթուլա Գյուլենին: Ապա` Թուրքիայի արտգործնախարարություն կանչվեց Անկարայում ԱՄՆ-ի փոխդեսպանը: Փորձագետները նշում են նաև, որ հարաբերությունների վատթարացումը վնաս կհասցնի երկու երկրների միջև գործարար կապերին:
Անդրադառնալով վերը թվարկվածներին, Ստյոպա Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ թուրք-ամերիկյան օրակարգը, որ լի էր պրոբլեմներով նախկինում, ավելացել է ևս մեկով ՝ Ռուսաստանի հետ C-400 համակարգերի գործարքով, հետևաբար, լարվածությունը շարունակվելու է:
Tert.am–ի դիտարկմանը, թե, ամեն դեպքում, այլ բան է կանխագուշակումը, այլ բան՝ ռեալ պոլիտիկը, և, հետևաբար, որքանով է հավանական, որ Թրամփը սա կանի, Սաֆարյանը պատասխանեց. «Էս պահին բավականին բարդ է ասել, որովհետև այս պահին ուղղակի ունենք կոնֆլիկտի՝ դեպի վերև գնացող կոր, և ենթադրություններ կատարել, թե այն երբ կհասնի իր պիկին, շատ բարդ է`առավել ևս, թե ժամանակային առումով այն երբ կսկսի նվազել»:
Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ մի բան ակնհայտ է. կողմերը այժմ գրեթե թշնամական հարաբերություններ ունեն, և այս համատեքստում բացառել, որ ապրիլը կհամընկնի այն շրջանի հետ, երբ դրանք կհասնեն իրենց գագաթնակետին, չի կարելի:
«Համենայնդեպս, այս պահի դրությամբ չկա որևէ նշան, որ Թուրքիան հետքայլ է կատարում: Ակնհայտ է նաև, որ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ ևս թուրք-ամերիկյան հարաբերությունների փչացման դինամիկա կար, բայց այն սրըթնաց աճում է Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո, երբ Էրդողանը սկսեց պահանջներ ներկայացնել Թրամփին: Արդյունքում` Թրամփի պաշտոնավարման 1 տարին անգամ չի լրացել, իսկ 2 երկրների հարաբերությունները թշնամական են»,– եզրափակեց քաղաքագետը։