ԱԺ նախատեսածից ավել ծախսված ցանկացած դրամ պետք է վերադարձվի ԱԺ բյուջե. պատգամավորները` ԱԺ բյուջեի հաշվին իրենց հեռախոսավճարների մասին
Դրանք եղել են բացառապես աշխատանքային զանգեր: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն տվեց հեռախոսավճարների սուբսիդավորումից օգտված 25 պատգամավորների ցանկում գտնվող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր սպառած 185 հազար 929 դրամի հեռախոսավճարին:
Նշենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչությունն այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում բյուջեի հաշվին հեռախոսային խոսակցությունների վճարի արտոնությունից օգտված պատգամավորների ցանկը:
«Դուք գիտեք, որ ԱԺ փոխնախագահն ու հանձնաժողովի նախագահներն ունեն քվոտա նախատեսված զանգերի համար և 10 ամսվա մեջ, այո, իմ ամբողջ գումարը կազմել է 185 հազար 929 դրամ ընդամենը: Այսինքն` ամիսը ես չեմ գերազանցել 16, 17 հազար դրամը, չնայած ամսական նախատեսված է եղել կոնկրետ հանձնաժողովների նախագահների համար, եթե չեմ սխալվում, 50 հազար դրամ: Բնականաբար, դրանք եղել են բացառապես աշխատանքային զանգեր»,-ասաց պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ ռոումինգ ծառայությունից ինքը երբևէ չի օգտվել արտերկիր գործուղումների ընթացքում:
«Տասը տարի պատգամավորական գործունեության ընթացքում մեկ րոպե անգամ ես ռոումինգ ծառայությունից սկզբունքորեն չեմ օգտվել: Ես գնել եմ ինքս եվրոպական հեռախոսահամար և միջազգային պատվիրակություններում իմ աշխատանքի ժամանակ ես միացնում եմ այդ համարը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Tert.am-ի դիտարկմանը, թե իր մյուս գործընկերների դեպքում հեռախոսավճարների բավականին մեծ թվերը արդյոք հիմնավորվա՞ծ են, թե՞ սա անուշադրության հետևանք է, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց.
«Այդ հարցը պետք է ուղղել իրենց: Ես մի բան կարող եմ ասել. կարծում եմ` ցանկացած գումար, որ գերազանցում է ԱԺ-ի կողմից նախատեսված գումարը, պետք է վերադարձվի ԱԺ բյուջե` լինի դա մեկ եվրո, թե մեկ լումա, դա պետք է վերադարձվի: Դա կանոն պետք է լինի բոլորի համար»,-ասաց պատգամավորը:
Բյուջեի հաշվին հեռախոսային խոսակցությունների վճարի արտոնությունից օգտվող պատգամավորների ցանկում է նաև ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ում հեռախոսավճարը կազմել է 0 դրամ: Ինչպես Tert.am-ին հաղորդեց Արփինե Հովհաննիսյանը, ինքը երբևէ չի օգտվել այդ արտոնությունից, այդ պատճառով էլ հեռախոսավճարը կազմել է 0 դրամ: Ավելին` նա խոսում է բացառապես անձնական հեռախոսով՝ անձնական միջոցներով: