Վարչապետը մասնագիտորեն տեղեկացված չէ շների խնդիրներից. «Փրկենք կենդանիներին» ՀԿ նախագահը Կարեն Կարապետյանի հետ հանդիպում է պահանջում (տեսանյութ)
«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը ցանկանում է հանդիպում ունենալ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ` քննարկելու շների ստերիլիզացման, սպանդի ենթարկելու խնդիրները:
«Հարգելի պարոն Կարապետյան, իսկապես, Դուք մասնագիտորեն տեղեկացված չեք: Ես 20 տարուց ավելի զբաղվում եմ այս խնդրով և ուսումնասիրել եմ բոլոր երկրների փորձը։ Ոչ մի քաղաքակիրթ երկրում սպանդի միջոցով շների քանակը չի պակասել, ընդհակառակը` կտրուկ կավելանա, և մինչև դուք որսորդներին ուղարկեք ոչնչացնեն շներին, կտուժի հասարակությունը: Խնդրում և պահանջում եմ, որ հանդիպում կազմակերպեք, մենք կօգնենք թե՛ աշխատուժով, թե՛ կացարանների տրամադրմամբ»,-ասաց նա:
Նունե Մեհրաբյանը նշեց, որ ՀԿ-ների մակարդակով ահռելի մեծ աշխատանք է կատարվում թե՛ ստերջացման, թե՛ որդեգրման առումով. «Մեր կարծիքի հետ Կարեն Կարապետյանը չի էլ կարող հաշվի չնստել»,– նշեց նա:
Անդրադառնալով «ՅՈՒՆԻԳՐԱՖ-ԻՔՍ» թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման ծառայություն ՍՊԸ-ի` շների պահման պայմաններին, ինչի վերաբերյալ ահազանգել և լուսանկարներ էին տարածել քաղաքացիները, բարեգործական ՀԿ-ի նախագահն ասաց, որ այդ պատկերի համար և նրա համար, ինչ կատարվում է այսօր փողոցներում, պատասխանատու է կառավարությունը և քաղաքապետարանը:
«Ես անգամ այս հարցում չեմ կարող մեղադրել «ՅՈՒՆԻԳՐԱՖ-ԻՔՍ» ՍՊԸ-ին, քանի որ եթե ՍՊԸ-ն ստանար նորմալ հովանավորություն, այդպիսի պայմաններ չէին լինի: Չմոռանանք, որ պատվիրատուն քաղաքապետարանն է: Ինձ համար որպես կենդանասեր սարսափելի ծանր է խոսել այն մասին, որ դա նորմալ է, բայց ես ցանկանում եմ օբյեկտիվ լինել, եթե կառավարությունը պահանջում է ոչնչացնել շներին և չստերիլիզացնել, ապա ի՞նչ պայմաններ կարող են լինել»,-ասաց նա:
Հարցին, թե ինչու է ձգձգվում կենդանիների պաշտպանության մասին օրենքի ընդունումը, Նունե Մեհրաբյանը պատասխանեց, թե օրենքի անհրաժեշտությունը շատ մեծ է, սակայն ձգձգումը պայմանավորված է նրանով, որ դա ձեռնտու չէ պատկան մարմիններին, քանի որ գումարներ են անհրաժեշտ լինելու: «Օրենքի ընդունումը անհրաժեշտություն է, քանի որ ոչ մի դաժան վերաբերմունք կենդանու հանդեպ այսօր չունի որևէ լուրջ պատժամիջոց: Մի դարձրեք մարդկանց հանցագործ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է շների զբոսանքի համար առանձնացված տարածքներ տրամադրելուն, ապա նա նշեց, որ դա ևս անհրաժեշտություն է: «Բայց այդ տարածքները չպետք է լինեն քաղաքից դուրս և ոչ մատչելի վայրերում, այլ, ինչպես քաղաքակիրթ երկրներում են, գոնե ամեն թաղամաս պետք է ունենա այդպիսի տարածք»,-ասաց նա: