Մենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է գազը սահմանին մի գնով, իսկ բնակիչների համար՝ կրկնակի ավել գնով. Սերգեյ Բագրատյան
Հայաստանի բնակիչների համար ավելի կարևոր է, թե ինչ գնով է գազը ձեռքբերում ինքը, քան այն, թե ինչ գնով է այն տրվում սահմանին: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, որ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ սահմանային գազի գնման գինը թանկանա, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Եթե բնակչությունն այդ գնով չի սպառում գազն, ապա մեզ բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ գնով են մեզ տալիս: Մեզ պետք է հետաքրքրի այն, թե մեր քաղաքացին մեր երկրի ներսում ինչ գնով է գազ գնում: Մենք գազ ենք գնում աշխարհում ամենաթանկ գներից մեկով: Դա լուրջ խոչընդոտ է մեր տնտեսության համար: Կարո՞ղ եք ասել՝ մարդու, բնակչի համար ի՞նչ կարևոր է՝ սահմանին 150 դոլար է գազը, թե մի ուրիշ գին է, երբ ինքը 300 դոլարով է գնում: Ընդունենք՝ 50 դոլարով են տալիս, ի՞նչ կարևոր է, եթե մենք կրկնակի թանկ ենք գնում»:
Պատգամավորը նշեց, որ կառավարությունը չպետք է թույլ տա սահմանից բնակչի տուն գազի գնի կրկնակի թանկացում:
«Այդ ի՞նչ տրանզիտային գներ են, որ գոյանում է կրկնակի թանկ գին: Խողովակաշարով փոխադրումը ինչպե՞ս կարող է այդքան թանկ լինել: Թող բաց ներկայացնեն մեզ, մենք էլ տեսնենք: Բնակչության համար գազի գինը կարող է իջնել: Մենք ցույց կտանք, թե դա ոնց կարելի է անել և դա անելուց հետո կարելի է մտածել այն մասին, որ խոսենք, փորձենք իջեցնել նաև սահմանային գինը»,- շեշտեց Սերգեյ Բագրատյանը:
Ազգային շահը, նրա խոսքով, պետք է պահվի: